Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ

ՄԱԿ-ը մայիսի 15-ը հռչակել է ընտանիքի միջազգային օր
yntaniq

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի′ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա առիթով:

Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը: Հայաստանում  ընտանիքը մշտապես գտնվում է պետության պաշտպանության և հոգածության ներքո:

Ամուր սիրո ու հարգանքի հիման վրա ստեղծված ընտանիքներն են բարոյական բարձր արժեքների ձևավորման հիմքում և կազմում են քաղաքակիրթ հասարակության առանցքը: Բռնությունը խարխլում է ընտանիքի հիմքը, բացասաբար է ազդում ընտանիքում երեխաների առողջ զարգացման ու դաստիարակության վրա:

Միմյանց նկատմամբ սերը և միմյանց արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքն են կարող ապահովել համերաշխությունն ընտանիքում: Պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս արժեքների պահպանման համար:

…Արդեն շուրջ երկու տասնամյակ է, ինչ ՄԱԿ-ը մայիսի 15-ը  հռչակել է ընտանիքի միջազգային օր, ինչը նպատակ ուներ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել ընտանիքի պաշտպանությանն ու զարգացմանն առնչվող խնդիրների վրա:  Հայաստանը 2011 թվականից այս օրն ամրագրել է որպես  Ընտանիքի օր: Սա յուրահատուկ հնարավորություն է եւս մեկ անգամ արժևորելու ընտանիքն ու ընդգծելու ընտանիքի բացառիկ դերը հասարակության ու պետության զարգացման գործում»:

 

*

*