Երթևեկության փոփոխություններ՝ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում

Վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով...
yertevekutyun

Երևանի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով մայիսի 19-ից ժամանակավորապես՝ 1 ամսով կդադարեցվի երթևեկությունը ՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ:

Նշված ժամանակահատվածում, տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում տեղի կունենան հետևյալ փոփոխությունները. -հանգույցի ստորգետնյա մասում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է. հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ճանապարհահատվածում շինարարությունը հնարավորին արագ ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:

*

*