Երազանքների և իրականության սահմաններում կանգնած անկախ Հայաստանը

yerkirmedia.am-ը զրուցել է Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող մի շարք հայերի հետ...
hayastan-ankakh

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակն է: Տոնի առթիվ yerkirmedia.am-ը զրուցել է Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող  մեր հայրենկիցների հետ և փորձել հասկանալ՝ ինչպիսին է նրանց պատկերացումների անկախ երկիրը:

Իզաբելլա Աբգարյան, 41 տ., լեզվաբան, բլոգեր

Անկախ պետությունը պետք է լինի ինքնիշխան և իր բոլոր որոշումներում հենվի ժողովրդի շահի և կամքի վրա։ Անկախությունը պահելու համար էլ պետք են քաղաքացիներ, որոնք գնահատում են այդ արժեքը և ամեն ինչ կանեն չհեռանալու, չզիջելու, շենացնելու համար։ Լեզու, բանակ, դրամ. ահա անկախ պետականության երեք հիմնասյուները, որոնք պետք է փայփայվեն և ուժեղանան:

Զառա Բաթոյան, 37 տ., Երևանի ավագանու անդամ, «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ

Անկախ երկիրը պետք է ունենա մարդակենտրոն քաղաքականություն, լինի իր քաղաքացու շահերի, իրավունքների իրացման երաշխիքը: Ներքին ժողովրդավարական արժեքները պետք է ոչ միայն գրվեն թղթի վրա, այլև՝ իրացվեն:

Անկախ երկրում պետք է կարևորվի մարդու իրավունքների իրացումը, հատկապես՝ խոցելի խմբերի: Հաշմանդամություն ունեցող մարդիկ չունեն հավասար հնարավորություններ, թեև Հայաստանն ունի այդ պոտենցիալը: Անկախ է այն երկիրը, որն իր նվազագույն հնարավորությունները ներդնում է ի շահ ժողովրդի, որովհետև քաղաքացիների պոտենցիալով  երկիրը կայանում և հզորանում է:

Լիլիթ Մկրտչյան, 36 տ., պատմաբան, ԵՊՀ դասախոս

Անկախ պետությունը պետք է ունենա գիտակցված պետական շահ, գաղափարախոսություն՝ նպատակասլաց ու հայրենասեր սերունդ դաստիարակելու համար, և պետք է ստեղծի հնարավորություններով ու ապահով երկիր՝ իր քաղաքացիների համար:

Արշալույս Մկրտչյան, 25 տ., Archer Soft ընկերության բիզնես զարգացման մասնագետ, Ուկրաինա

Անկախ երկիրը նախևառաջ պետք է լինի տնտեսապես կայուն, երիտասարդների համար զարգացման հեռանկարներ ունենա: Անկախ երկրում պետք է լինի խոսքի եւ ընտրության ազատություն  թե′ քաղաքական, թե′ սոցիալական, թե′  տնտեսական եւ թե′ հոգեւոր (եթե խոսենք գիտության եւ արվեստի մասին) ոլորտներում: Անկախությունը սեփական խնդիրներդ ինքնուրույն լուծելու հնարավորությունն է:

Տիգրան Մարտիրոսյան, 34 տ., ֆինանսիստ, World Financial Group, ԱՄՆ

Կարծում եմ՝ լիովին անկախ երկրներ գոյություն չունեն: Որոշ երկրներ ունեն ավելի բարձր, որոշներն էլ՝ ավելի ցածր աստիճանի անկախություն, բայց, այսպես թե այնպես, բոլորն էլ ինչ-որ չափով փոխկապակցված են: Առաջին հերթին  կապվածության աստիճանը դրսևորվում է տնտեսական հարթակում: Այսօրվա գլոբալ և ազատ շուկան չի ճանաչում աշխարհագրական սահմաններ: Վերջին տասնամյակներում տնտեսական փոխհարաբերությունները երկրների միջև ավելի են ինտենսիվացել, որն էլ հանգեցրել է անկախության նվազմանը:

Անկախ երկիրը պետք է ունենա ժողովրդավարություն և միայն այս հիմքի վրա կարելի է ստեղծել հզոր տնտեսություն, հզոր բանակ և քաղաքական կամք, որպեսզի կարողանանք դիմակայել հարևան պետություններին և պահպանենք երկրի հարաբերական անկախությունը:

hayastan-droshԱրփի Հարությունյան, 33 տ., լրագրող

Անկախ պետությունը պետք է ունենա ուժեղ տնտեսություն, արդար դատական ատյաններ, մրցունակ կրթական համակարգ, մարտունակ բանակ և այս ամենի արդյունքում՝ բարեկեցիկ ապրող քաղաքացի, որը ոչ թե արտագաղթելու, այլ ներդրումներ անելու մասին կմտածի:

Գուրգեն Մուրադյան, 24 տ., պատմաբան, Երևանի մշակույթի պետական քոլեջի դասախոս

1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի շուրջ երեքուկեսամյա համաժողովրդական շարժումը պսակվեց Հայաստանի անկախության հռչակմամբ։ Երկիրը ծնվեց Արցախյան պատերազմի թոհուբոհում և դժվարությամբ, բայց վստահորեն դիմագրավեց օրհասական մարտահրավերներին: Անկախության 26 տարիների ընթացքում մենք ունեցանք երկու կարևորագույն նվաճում՝ ազգային բանակ և անկախության սերունդ, որն ունակ է տերն լինել սեփական հայրենիքին և պահպանել ավագների կողմից ձեռք բերված թանկ արժեքը: Անկախությունը լոկ խոսք չէ: Նրա մեջ ամփոփվում են տվյալ ժողովրդի տնտեսական ինքնաբավությունը և քաղաքակրթական մարտահրավերներին դիմագրավելու ունակությունը: ԿԵՑՑԵ´ ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Կարեն Թովմասյան, 32 տ., Georgia Today լրատվամիջոցի hայաստանյան թղթակից

Մեզ պակասում է արտաքին և ներքին անկախ քաղաքական որոշումներ ընդունելու կամքը, մենք ինչ-որ մի պահից մեր ինքնիշխան իրավունքը զիջել ենք մեկ այլ պետության՝ երևի թե պատասխանատվությունից խուսափելու կամ էլ արտաքին ճնշումների հետևանքով: Պետք է վերականգնել բազմակողմ ու անկախ արտաքին քաղաքականություն վարելու մեր իրավունքը, այլապես իրապես անկախ պետություն համարվել չենք կարող:

Ծովինար Բանուչյան, 28 տ., արվեստաբան, գրող, Ֆրանսիա

Անկախ պետությունը երաշխավորն է իր քաղաքացիների, վերջիններիս շահը գերադասում է առևտրային տարատեսակ հարաբերություններից, բայց, որպեսզի անկախությունը չսահմանափակվի հռչակագրերով, քաղաքացին իր հերթին այդ անկախության սյուները պահողն է: Եթե անհատը կախված է հասարակության կարծիքից, քաղաքացին իշխանության քմահաճույքից, երկիրը հարևան պետությունների ձեռնածությունից, այդ դեպքում ի՞նչ է անկախությունը… Երբեմն պարզապես բավարար է բառի ստուգաբանությունը. անկախ նշանակում է կախված չլինել, ուրեմն պետությունը պետք է կախված չլինի իր անկախությունը վտանգող տարրերից…

Արման Ղարագուլյան, 39 տ., փիլիսոփա, ԵՊՀ դասախոս

Անկախ պետությունը նախ և առաջ ինքնուրույն որոշումներ կայացնող պետություն է: Իհարկե, արդի աշխարհաքաղաքական իրավիճակում (համաշխարհայնացում, տնտեսական փոխկախվածություն, միջազգային համաձայնագրեր և պայմանագրեր և այլն) դժվար է պատկերացնել բացարձակ անկախ պետություններ, այդուհանդերձ, անկախ պետությունը, հաշվի նստելով տարբեր բնույթի արտաքին ազդեցությունների հետ, միևնույն ժամանակ իր որոշումներում նախևառաջ ելնում է իր ներքին արժեքներից, ազգային շահի և ներազգային բարոյականության իր սեփական պատկերացումներից: Իսկ այս մակարդակին հասնելու համար անհրաժեշտ են լուրջ նախապայմաններ` տնտեսական հզորություն, որոշակի կենսամակարդակի ապահովում, կրթվածության, հասարակական վստահության և ներազգային համերաշխության բարձր մակարդակ, ակտիվ քաղաքացիական գիտակցություն կրողների մեծամասնություն:  Տվեք այս պայմանները ցանկացած հասարակության, և նրա անդամներն իրենց ուժերով կնվաճեն անկախությունը. տվեք անկախություն առանց վերոնշյալի, և քաղաքացին, չիմանալով` ինչ անել դրա հետ, կիրականացնի իր հերթական «փախուստը ազատությունից»:

Աշոտ Ալեքսանյան, 44 տ., քաղաքագետ, ԵՊՀ դասախոս

Անկախ պետությունը պետք է լինի քաղաքացիավարական և համաշխարհային քաղաքակրթության ուղեծրի մեջ՝ մշտապես զարգացնելով հասարակական ներուժն ու մարդկային կապիտալը: Անկախ պետությունը ենթադրում է կրթված, գրագետ և իրազեկ քաղաքացիներ, ակտիվ քաղաքացիական հասարակություն, զարգացած տեղեկատվական, ինչպես նաև հաղորդակցության ենթակառուցվածքներ, որոնք ապահովում են ռազմաքաղաքական անվտանգություն, կայուն զարգացում և առաջընթաց:

Ծովինար Գաբրիելյան, 47 տ., երաժիշտ-մանկավարժ, h. 107 մանկապարտեզ

Անկախ սեռից, տարիքից, սոցիալական դիրքից, յուրաքանչյուրս ապահովության և պաշտպանվածության զգացում պետք է ունենանք, ինչի լիարժեք իրագործման համար  անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավար և մարդու իրավունքների պաշտպանության գերակա պայմաններ: Բայց այս ամենից զատ, մի փոքր ավել, թե՝ պակաս, անկախության ներկայությունը անհերքելի է և փաստ է, այն նաև արտացոլված է ամեն առավոտ ինձ դիմավորող սաներիս աչքերում:

Անահիտ Հայրապետյան, 36 տֆոտոլրագրող, Գերմանիա

Անկախ պետությունն ի սկզբանե պետք է ձեւավորված լինի անկախ քաղաքացիների անկախ քվեներով։ Անկախ պետք է լինեն բոլորն ու բոլոր համակարգերը՝ դատական, կրթական, կառավարման և այլն։ Որոշումները պետք է կայացվեն անկախ ու հօգուտ քաղաքացիների ու երկրի։ Անկախ երկրում գյուղացիները պետք է կախված չլինեն բանկերից, իսկ բերքը պետք է ապահովագրված լինի։ Բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ ու հավասար իրավունքներ։ Երեխաները չպետք է մեծանան սոված։ Հայաստանի նման երկրում բարձրագույն կրթությունը պետք է առհասարակ անվճար լինի։ Բայց քանի որ ինքս ինձ հիշեցնում եմ այն թագավորին, ով հրամայում է, որ արեւը պետք է առավոտյան դուրս գա ու երեկոյան մայր մտնի, ուղղակի արձանագրեմ, որ անկախության արդեն երկրորդ սերունդն է, որ մեծանում է արտագնա հայր ունենալով, կանայք դեռ շարունակում են ղեկավարվել նախ հայրերի ու եղբայրների, հետո՝ ամուսինների ու ընտանիքի մյուս անդամների կողմից, ոստիկանները շարունակում են ծեծել ցուցարարներին ու լրագրողներին, համալսարաններում կրթում են մասնագետներ, ովքեր վաղն անգործ են մնալու, դպրոցն ավելի ու ավելի է խրվում ճահճի մեջ, իսկ ֆեյսբուքյան լրահոսովս քննարկվում է ռուսերեն լեզվի օտար լինել-չլինելը։ Ստացվում է, որ մենք շատ մեղմիվ կախված ենք իրարից, իրարով ու իրարում, թեկուզ ոչ հայերեն, բայց հենց այսպես։

Արաքս Առաքելյան, 23 տ., լրագրող, yerkirmedia.am

Մենք պարտադրված պատերազմից  հաղթականորեն ենք դուրս եկել: Արդյունքում , թեկուզ հարաբերականորեն, ապրում ենք խաղաղ և  անկախ Հայաստանում: Ես, դուք, բոլորս գիտակցված թե անգիտակից, դարձել ենք անկախության ակունքներում կանգնած մարդկանց այնքան երազած հայրենիքի ականատեսը: Նրանք ակունքներում էին, իսկ մենք՝ կես ճանապարհին: Հետընթացը մերժելի է, իսկ առաջընթացը՝ պարտադիր:

Տոնդ շնորհավոր, Հայաստա′ն:

Հեղինակ՝

Արաքս Առաքելյան

*

*