Երեւանի քաղաքապետարան. Տրանսպորտի թանկացման մասին պնդումներն անլուրջ խոսակցություններ են

Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել
transport

Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված հրապարակման հետ կապված տեղեկացնում ենք, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և հասարակական տրանսպորտի թանկացման մասին պնդումներն էլ ուղղակի անլուրջ խոսակցություններ են։

Հերթական անգամ տեղեկացնում ենք, որ ներակայումս Երևանի քաղաքապետարանը շարունակում է ակտիվորեն աշխատել հասարակական տրանսպորտի բարեփոխումների ուղղությամբ, որն ամբողջապես հանրային գործընթաց է, և մեր հանրությունը հնարավորություն ունի անգամ ուղիղ հեռարձակմամբ հետևելու մասնագիտական խմբի աշխատանքներին։ Ըստ այդմ, հորդորու՛մ ենք աշխատանքային խմբի անդամներին զերծ մնալ անհիմն հայտարարություններ կատարելուց և մամուլով անլուրջ խոսակցություններ տարածելու գայթակղությունից` դրա փոխարեն փորձելով գործընթացին օգտակար լինել` նիստերի ընթացքում բովանդակային և կառուցողական առաջարկներով հանդես գալով։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը ներկայիս կազմով ձևավորվել է տարեսկզբին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։ Ներկայումս ընթանում են տրանսպորտային նոր երթուղային ցանցի առաջարկի մշակման աշխատանքները, և արդեն իսկ սահմանվել են տրանսպորտային նոր համակարգի պահանջները՝ ներառյալ միասնական կառավարման, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի, ավտոպարկի և քաղաքացիների սպասարկման բարձր չափորոշիչները։

Աշխատանքային խմբի առջև պահանջ է դրված ապահովել արդար և հասանելի սակագնի սահմանում՝ ցանցի օպտիմալացման, ինչպես նաև կառավարման նոր մեխանիզմների ներդրման միջոցով։ Աշխատանքային խմբի առաջիկա նիստը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 15:00-ին, որի ընթացքին շահագրգիռ կողմերը կարող են հետևել ուղիղ հեռարձակմամբ`  https:transport.yerevan.am հղումով»:

*

*