Երեւանում կլինեն ծայրամասեր, որտեղ ուղևորափոխադրում ընդհանրապես չի իրականացվի

Այնուամենայնիվ՝ առաջիկայում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի մեջ փոփոխություններ չեն նախատեսվում
transport
Լուսանկարը՝ iravaban.net-ի

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 11 երթուղին սպասարկող կազմակերպությունը հրաժարվել է շարունակել իրականացնել իր գործառույթները: 2013թ. մինչ օրս մայրաքաղաքում ուղևորափոխադրում կատարելուց հրաժարվող ընկերությունների շարքում այս կազմակերպությունը 7-րդն է:

ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց, որ մինչև տարեվերջ այս թիվը կտրուկ կարող է աճել, և կլինեն ծայրամասեր, որտեղ ուղևորափոխադրում ընդհանրապես չի իրականացվի: Եղիազարյանը խնդրի պատճառը փոխադրողների քիչ շահույթի մեջ է տեսնում, որից վտանգվում է նաև ուղևորի կյանքը:

«Փոխադրող ընկերությունների ղեկավարները, երբ իրենց հասույթից վճարում են պարտադիր բաղադրիչները, քիչ գումար են վաստակում, որպեսզի նորոգեն մեքենաների այն մասերը, որոնց անսարքությունը սպառնում է ուղևորի անվտանգությանը: Այժմ ուղևորափոխադրում իրականացնող շարժակազմի մոտ 80 տոկոսը գտնվում է վատ վիճակում»,- նշում է Հրանտ Եղիազարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փոխադրողների միության նախագահը հիշեցնում է 2013թ. ամառը, երբ քաղաքապետարանը փորձեց բարձրացնել քաղաքային տրանսպորտի ուղեվարձը, բայց հասարակական ճնշման արդյունքում այդ որոշումը կասեցվեց: 5 տարի առաջ իսպանական անկախ փորձագետները ուսումնասիրել էին Երևանում գործող երթուղային ցանցն ու հաշվարկել ուղեվարձը, որով պետք է աշխատեն ուղևորափոխադրողները, սակայն մինչև այժմ քաղաքապետարանն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել:

«Ներքաղաքային միկրոավտոբուսներով փոխադրումների համար ուղեվարձը պետք է լիներ 152 դրամ, գազով աշխատող ավտոբուսների համար` 202 դրամ, իսկ դիզվառելիքով աշխատող երթուղայինների համար` 257 դրամ: Այս թվերը ֆիքսված են, քաղաքապետարանն ունի, սակայն ոչ մի գործողություն չի իրականացնում. քանի ավանակը կենդանի է, կարելի է չկերակրել»,- ասում է Եղիազարյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը «Արմենպրես»-ին փոխանցեց, որ առաջիկայում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի մեջ փոփոխություններ չեն նախատեսվում, իսկ համար 11 երթուղու բացը լրացվել է այլ երթուղիների հաշվին:

ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով` այս խնդրի կարգավորման համար իրենք երեկ նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու սպասում են պատասխանի:

*

*