Տարոն Մարգարյանը բարձրացրել է պատմամշակութային շենքերի խնդիրը

Քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երեւանի հաշվին եւ ոլորտի պատասխանատուները պարտավոր են...
Տարոն Մարգարյանը խորհրդակցության ժամանակ
Տարոն Մարգարյանը խորհրդակցության ժամանակ

Քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երեւանի հաշվին եւ ոլորտի պատասխանատուները պարտավոր են կառուցապատողներից պահանջել՝ բացառել Երեւանի արտաքին տեսքն աղավաղող եւ մայրաքաղաքի ճարտարապետությանը ոչ հարիր կառույցների նախագծեր պատվիրելը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության օրակարգում, որպես առաջնահերթություն, բարձրացվել է Երեւանի պատմամշակութային շենքերի ժառանգության եւ դրանց պահպանման խնդիրը:

Քաղաքապետը քննարկման ընթացքում շեշտել է, որ անընդունելի մոտեցումները պետք է բացառվեն բոլոր վարչական շրջաններում, քանի որ ինչն անթույլատրելի է կենտրոնում, թույլատրելի չէ նաեւ ծայրամասերում: Վերջինս նաեւ հավելել է, որ քաղաքաշինական բազմաթիվ խնդիրները, տրամադրված շատ շինթույլտվությունները եւ ներկայում խնդրահարույց բազում որոշումները ոչ թե այսօրվա արդյունք են, այլ մի քանի տասնամյակի ընթացքում են կուտակվել: Եվ, որ ամենացավալին է, իրավական տեսանկյունից այսօր շատ դեպքերում Երեւանի քաղաքապետարանը հնարավորություն չունի վիճարկել այդ որոշումները:

Հետագայում նման խնդիրներից խուսափելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է առավելագույն հրապարակայնություն ապահովել այս հարցերում:

«Ուրեմն մտածենք մեխանիզմներ, որոնք կապահովեն առավելագույն հրապարակայնություն եւ հանրության մասնակցություն. լինի համապատասխան շենքերի ցանկերի հրապարակում, հանրային քննարկումների անցկացում, թե առցանց ֆորում: Երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք պատվիրատուի ներկայացուցիչն եք քաղաքապետարանում, այլ ոչ թե քաղաքի շահերը ներկայացնողը: Մեկընդմիշտ հիշե՛ք, որ քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երեւանի հաշվին: Եղեք պահանջկոտ ու սկզբունքային պատվիրատուների հետ»,- ասել է Տարոն Մարգարյանը։

*

*