Երևան-Սևան ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է

Հիմնանորոգման ծրագիրն ամբողջությամբ նախատեսված է ավարտել հոկտեմբերին...

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևան-Սևան մայրուղու հիմնանորոգվող տեղամասեր:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երևան-Սևան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում և Սևան-Երևան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում օգոստոսի վերջին մեկնարկած շինարարությունը շարունակվում է մեծ թափով։

Նախատեսվում էր աշխատանքները սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը, մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։ Նախարարը զրուցել է տեխհսկիչի հետ, ճշտել, թե արդյոք պարտաճանաչ կատարվում են լաբորատոր հետազոտությունները և հսկվում է աշխատանքների պատշաճ իրականացումը։

Ճանապարհաշինարարները նշված հատվածում զուգահեռաբար նաև ճանապարհն են  կահավորում` տեղադրելով նոր մետաղական արգելափակոցներ։

Տեխհսկիչ Դավիթ Հովսեփյանի խոսքով` աշխատանքների ընթացքը բավարար է, որոշ հատվածներում նույնիսկ գերազանց, պահպանվում են պահանջվող որակական բոլոր չափորոշիչները։

Հիմնանորոգման ծրագիրն ամբողջությամբ նախատեսված է ավարտել հոկտեմբերին, սակայն, հաշվի առնելով աշխատանքի բարձր տեմպը, կանխատեսվում է, որ շինաշխատանքները ավարտին կհասցվեն պայմանագրի ժամկետից շուտ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները