Երթևեկությունը բեռնաթափելու նպատակով Երևանը շրջանցող նոր ճանապարհներ կկառուցվեն

Հայկ Մարությանն ընդգծել է, որ այսօր նախաձեռնվող ծրագրերը ապագայի համար են:
hayk-marutyan

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ միասին այցելել է քաղաքի մի շարք հատվածներ, որտեղ նախատեսվում է շրջանցիկ ճանապարհներ կառուցել:

Դիտարկվող ճանապարհաշինական ծրագիրը, որը ծրագրվում է իրականացնել Երևանում՝ թղթի վրա է մնացել դեռևս խորհրդային տարիներից: Մ15 ծրագիրը Արարատի մարզը կկապի Կոտայքի մարզին՝ վարորդներին հնարավորություն տալով չմտնել Երևան՝ շրջանցելով Էրեբունի  և Նոր Նորք վարչական շրջանները:

Քննարկվող նախագծերն իրատեսական են և իրագործելի, նկատում է քաղաքապետ Հայկ Մարությանն ու ընդգծում, որ այսօր նախաձեռնվող ծրագրերը ապագայի համար են:

Մայրաքաղաքի եթևեկության բեռնաթափման նպատակով քննարկվող հաջորդ ծրագիրը նախատեսում է Դավթաշենը ուղիղ կապով միացնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին՝ միաժամանակ հնարավորություն տալով այցելել Կոտայքի մարզ:

Հայկ Մարությանի տեղեկացմամբ, քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ բանակցություններ է վարում նաև «Հայրենիք» կինոթատրոնի և կրկեսի հարևանությամբ ճանապարհային նոր հանգույցներ կառուցելու նպատակով: Կարևորագույն այս երկու նախագծերը ևս իրենց հերթին հնարավորություն կտան զգալիորեն բեռնաթափել մայրաքաղաքի այդ հատվածների երթևեկությունն ու հնարավորինս խուսափել խցանումներից:

*

*