Երեւանի գինու ակադեմիային հրաժեշտ տվեցին առաջին ուսանողները

Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի պրոֆեսոր Յոն Հանֆը արդեն 10 տարի համագործակցում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, եւ մասնավորապես Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի եւ Երեւանի գինու ակադեմիայի հետ։
shrjanavart-buh

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տոնական տրամադրությամբ հրաժեշտ են տվել Ագրոբիզնեսի ֆակուլտետի եւ Երեւանի գինու ակադեմիայի շրջանավարտներին։ Ավարտական միջոցառմանը ներկա է եղել նաեւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ պատմել, թե ինչպես է 17 տարի առաջ ստեղծվել կենտրոնը, որն այն ժամանակ Հայաստանում միջազգային կրթական ծրագիր իրականացնելու առաջին ջանքն էր: «Միջազգային կրթական ծրագրի իրագործումը մեր երկրի, ժողովրդի եւ պետության համար հեռանկարային գյուղատնտեսության ոլորտում խիստ կարեւոր է»,¬ասել է Լեւոն Մկրտչյանը։
Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի պրոֆեսոր Յոն Հանֆը արդեն 10 տարի համագործակցում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, եւ մասնավորապես Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի եւ Երեւանի գինու ակադեմիայի հետ։ Կատակեց, ներկաները, նաեւ շրջանավարտները գինու սիրահարներ են, բայց այն ոչ թե հոբբի պետք է դառնա, այլ ստացած կայուն գիտելիքները կայուն աշխատանք պետք է ապահովեն։

«Դեռ 10 տարի առաջ Հայաստանում շրջագայելիս խմեցի Կոկա-կոլայի շշի մեջ լցված գինի, լավն էր, բայց նաեւ հասկացա, որ ուսումնական եւ գործնական նոր ծրագրեր են պետք՝ ոլորտը զարգացնելու համար»,- նշեց Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի պրոֆեսոր Յոն Հանֆը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը կարեւորեց Գերմանիայի եւ Միացյալ նահանգների տարբեր համալսարանների հետ սերտ համագործակցությունը։ Շնորհավորելով բուհի ագրոբիզնես միջազգային կրթական ծրագրի շրջանավարտներին, կրթության եւ գիտության նախարարը հիշեց, թե 17 տարի առաջ ինչպես են ստեղծել կենտրոնը։

«Յուրաքանչյուր սերունդ իր պետության առջեւ պարտավորություն ունի՝ ժառանգելով իրենից հետո թողնել ավելի մեծ արժեքներ: Դուք ստացել եք լավագույն կրթությունը, ունեք հնարավորություն կայանալու եւ շարժվելու առաջ՝ սխալվելու եւ ձեր ճշմարտությունը գտնելու իրավունքով»,- ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։

«Հայաստանը գինու արտադրության 6 հազար տարվա պատմություն ունի։ Դուք պետք է հպարտ լինեք մշակութային այդ ժառանգությամբ»,- նշեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտեցին 40 ուսանող, իսկ Երեւանի գինու ակադեմիային հրաժեշտ տվեցին առաջին 14 ուսանողները։

*

*