Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոն է այցելել ավելի քան 10 հազար մարդ

Փառատոնին մասնակցել են հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող առաջատար 10 ընկերություն։
garejri-paraton

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Կարապի լճի հարակից տարածքում անցկացրել է Գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը: Միջոցառման ընթացքում եռալեզու ներկայացվել են հայկական գարեջրագործության շուրջ երեքհազարամյա պատմությունն ու ավանդույթները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փառատոնին մասնակցել են հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող առաջատար 10 ընկերություն՝ «Երևանի գարեջրի» գործարանն այս տարի փառատոնին մասնակցել է «Կիլիկիա» մուգ, «Կիլիկիա» բաց և «Երևան» արտադրատեսակներով, «Գյումրի» գործարանը՝ համանուն գարեջրով, «Կոտայք» գարեջրի գործարանը՝ «Կոտայք», «Կոտայք գոլդ» և «Էրեբունի» արտադրատեսակներով։ Գարեջրի ակադեմիան փառատոնին ներկայացել է «Կլասիկ», «Բաց ցորեն» և «Մուգ» գարեջրերով, «Դիլիջան» գարեջրի գործարանն էլ՝ «Դիլիջան» և «Դիլիջան 1» արտադրանքով։ Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցել է «Թովմաս» հայկական գարեջրի արտադրամասը՝ ներկայացնելով հայկական չզտված (բաց դասական) գարեջուրը։ «Ալավերդի» գարեջրի գործարանն էլ իր հերթին փառատոնի այցելուներին առաջարկել է Ալավերդու չանի գարեջուրը։

Գարեջրի 5-րդ փառատոնին, ավանդույթի համաձայն, մասնակցել են նաև գարեջրատները՝ գարեջրի և խորտիկների իրենց լայն տեսականիով:

Այցելուների համար փառատոնի 5 ժամանոց ծրագրի ընթացքում կազմակերպվել են 50-ից ավելի մրցույթներ, որոնց մասնակցում էին ինչպես տեղացիներն, այնպես էլ զբոսաշրջիկները։ Հաղթողներն արժանացել են Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնի մրցույթի մասնակցության հավաստագրերի և մասնակից ընկերությունների կողմից խորհրդանշական նվերների:

Հինգժամյա ծրագրով փառատոնի ընթացքն ուղեկցվել է հայկական էստրադայի երգիչներ Աննա Խաչատրյանի, Անահիտ Շահբազյանի, Նարե Գրիգորյանի, Ռիփիի ելույթներով, «Միլեն շոու-բալետ» պարային համույթի կատարումներով, ինչպես նաև «Ալեքսանդրապոլ» նվագախմբի երաժշտական ծրագրով։ Փառատոնի հատուկ հյուրն էր Արամ MP3-ն։ Երեկոն ամփոփվեց Վրաստանից ժամանած մեր հայրենակից Դի-Ջեյ Սոկոյի ռիթմերով:

Միջոցառման ավարտին Երևանի գարեջրի 5-րդ փառատոնի բոլոր մասնակիցներին տրվել են շնորհակալագրեր փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանի կողմից:

*

*