Երևանում կտրուկ աճել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը

Վերջին 10 օրում գրանցվել է մահվան 5 դեպք
ert-avto

Երևանում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակի կտրուկ աճի հետ կապված ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Արդեն տեղեկացվել է 2018թ. ապրիլի 23-ին երեկոյան Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասին, որի հետևանքով մահացել է մեկամյա երեխա և տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել երկու ուղևոր:

Եթե 2018թ. առաջին երեք ամիսներին միասին վերցված Երևան քաղաքում արձանագրվել է 133 ճանապարհատրանսպորտային հանցագործության դեպք, ապա միայն վերջին 10 օրում՝ 62: Ընդ որում՝ եթե այդ հանցագործությունների հետևանքով նշված եռամսյակի ընթացքում մահվան ելք է ունեցել 17 դեպք, ապա միայն վերջին 10 օրում՝ 5 դեպք:

ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ և ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները ճանապարհատրանսպորտային հանցագործություններ կատարած անձանց բացահայտման և քրեաիրավական միջոցների խստացման ուղղությամբ»:

*

*