Երեւանի քաղաքապետարանը կրճատում է տրանսպորտին, վերելակների հիմնանորոգմանը, կանաչ տարածքներին հատկացվող գումարները

«Լույս» խմբակցությունն արձանագրում է, որ Երեւանի 2019 թվականի բյուջեի նախագիծը հետընթաց է․․․
qaxaqapetaran-yerevan

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունն արձանագրում է, որ Երեւանի 2019 թվականի բյուջեի նախագիծը հետընթաց է անգամ 2018-ի բյուջեի համեմատ:

Մասնավորապես՝ պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարների բյուջեն ավելացվել է 1 միլիարդ 232 միլիոն դրամով, 50 մլն դրամով էլ ավելացել է արտասահմանյան գործուղումների ծախսերի բյուջեն: Փոխարենը 1 միլիարդ 920 միլիոն դրամով նվազել է տրանսպորտի, 78 միլիոնով՝ վերելակների հիմնանորոգման բյուջեները, նվազել են նաեւ կանաչ տարածքների հիմնման եւ պահպանման, փողոցների լուսավորման, բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայությունների համար հատկացվելիք գումարները:

Խմբակցությունից նշում են, որ քաղաքի զարգացման կարեւորագույն բաղադրիչները հենց վերոնշյալներն են, եւ դրանց ուղղված ծախսերի կրճատումը անհիմն է ու չի կարող կոմպենսացվել ծախսային այլ կարեւոր հոդվածների մեծացմամբ:

«Լույս» խմբակցությունը քաղաքապետարանին առաջարկություններ չի ներկայացնելու: Նրանք համոզված են, որ նման փոփոխությունները հստակ քաղաքական որոշման արդյունք են: Այդ պատճառով էլ «Լույսը» դիմում է Երեւանի բնակիչներին եւ ավագանու իրենց գործընկերներին համատեղ ջանքերով փոփոխելու այս վերաբաշխումները:

*

*