Երեւանում աղբամանների տեղադրման վայրերը կվերանայվեն

«Պարբերաբար բողոքներ եմ լսում բնակիչներից, որ այս կամ այն հասցեում աղբամանները ոչ հարմար տեղում են դրված»,- նշել է քաղաքապետը:
saniteq

Երևանի քաղաքապետարանում այսօրվա խորհրդակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին և օպերատիվ շտաբին էլ հանձնարարել է «Սանիթեք» ընկերության հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել և կարգավորել մայրաքաղաքում աղբամանների տեղադրման վայրերի ընտրության հարցը:

«Պարբերաբար բողոքներ եմ լսում բնակիչներից, որ այս կամ այն հասցեում աղբամանները ոչ հարմար տեղում են դրված: Դժգոհությունները հատկապես շատ են փողոցների բանուկ հատվածներում տեղադրված աղբամանների մասով, ինչը ինքս էլ մի քանի անգամ նկատել եմ: Մարդիկ արդարացիորեն նաև դժգոհում են, որ այս հարցի հետ կապված մեր կոմունալ վարչությունն ու «Սանիթեքը» մեկը մյուսի վրա են փորձում գցել պատասխանատվությունը: Նման մոտեցումն անընդունելի է ինձ համար: Բազմիցս եմ նշել, որ եթե որևէ խնդիր անհանգստացնում է մեր բնակիչներին, պետք է լուծումներ գտնել, ոչ թե փորձել արդարանալ, թե տվյալ խնդրի կարգավորումը մեր դաշտում չէ: Ու հատկապես այս հարցում պատասխանատվությունը երկուստեք է՝ թե՛ կոմունալ վարչությանը և թե՛ «Սանիթեք»-ինը: Ստեղծեք համատեղ աշխատանքային խումբ, որում ներգրավեք նաև վարչական շրջանների կոմունալ ծառայություններին և քննարկեք հարցն ու կարճ ժամանակում հնարավոր լուծումներ գտեք խնդրահարույց աղբամանների տեղափոխման մասով», — ընդգծել է Տարոն Մարգարյանը:

*

*