Գործող օրենքում բացակայում է հոգևորսության հստակ ձևակերպումը. Ամարյան

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագծի շուրջ
amaryan-13022018

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը, խոսելով աղանդավորական շարժումների գործունեության և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ, նշեց, որ ներկայումս գործող օրենքում բացակայում է հոգևորսության հստակ ձևակերպումը։

Բացի այդ՝ տարբերակման չափանիշներ չեն սահմանվում կրոնական կազմակերպությունների դասակարգման համար, ինչի հետևանքով հնարավոր չի լինում պայքարել քայքայիչ գործունեություն ծավալող կրոնական կառույցների դեմ։

Ամարյանի խոսքով՝ օրենքի առաջարկվող նախագծով պետք է հստակ ձևակերպվի, թե ինչ է իրենից ենթադրում հոգևորսությունը, և պետք է նման գործունեություն ծավալող կառույցների հանդեպ պատիժներ կիրառելու հստակ մեխանիզմներ ու ընթացակարգեր սահմանվեն։

Ամարյանը նկատեց, որ հանրության շրջանում ցածր է կրոնական տարբեր կառույցների գործունեության վերաբերյալ մարդկանց իրազեկվածությունը, ինչի հետևանքով հոգևորսությունն ու մարդկանց նման կառույցների շարքեր ներքաշելը էապես հեշտանում է։

Yerkirmedia.am-ի այն հարցին, թե որտեղ է մարդկանց խղճի ու դավանանքի ազատության սահմանը, քանի որ մի կողմից՝ քաղաքացիներն ունեն դավանանքի ազատություն, իսկ մյուս կողմից՝ աղանդավորական կառույցները քայքայիչ ազդեցություն են գործում հանրության շրջանում, Ամարյանը նկատեց, որ մեր երկրում բավական լիբերալ քաղաքականություն է տարվում ներկայումս կրոնական կառույցների ստեղծման ու գործունեության ուղղությամբ։

Ըստ նրա՝ մեզանում նպատակահարմար կլինի Արևմուտքում առկա փորձի ընդօրինակումը, այն է՝ կրոնական տարատեսակ կառույցների գործունեության վերահսկողության հստակ և գործուն մեխանիզմներ ներդնել, երբ սահմանված կարգի խախտումների դեպքում պետությունը խիստ պատիժներ կկիրառի։

«Պետք է հստակ կերպով վերահսկել նման կառույցների գործունեությունը, որպեսզի մարդիկ գիտակցաբար հարեն այս կամ այն կառույցին, և ոչ թե զոմբիացվեն ու հոգևորսության ենթարկվեն»,-նշեց Ամարյանը։

 

*

*