«Խոսրովի անտառ»-ի հրդեհից հիմնականում տուժել են չթռչող միջատներն ու սողունները

Օդային օպերացիաները և տեղացած անձրևը բավականին արդյունք են տվել:
xosrovi-antar-hrdeh

«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել: Նրանք արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել:  ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի խոսքով՝  հրդեհի հետեւանքով տուժել են  հիմնականում չթռչող միջատները , սողուններն ու կրծողները: «Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկատարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո»,-ասել է Աղասյանը՝ պարզաբանելով, որ  հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն էլ նշել է, որ այս պահին անձրևը դադարել է: «Օդային օպերացիաները և տեղացած անձրևը բավականին արդյունք տվել են: Ներկայում հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցները կրկին գործի են անցել տեղայնացված հրդեհի օջախները մարելու նպատակով»,-ասել է նա:

 

*

*