Հայաստանի թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Պրոֆեսիոնալ» մրցաձևում

Մասնակիցները 2,5-3,5 կմ են հաղթահարել լեռնա-անտառային կտրտված տեղանքում
xaxautyan-zinvor2

Հայաստանի թիմը հաղթել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի  «Պրոֆեսիոնալ» մրցաձևում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, Դիլիջանում ավարտվել է Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի, Իրանի, Ղազախստանի և Ռուսաստանի թիմերի միջև անցկացվող մրցույթի առաջին՝ ռազմա-մարզական կողմնորոշման «Պրոֆեսիոնալ» փուլը, որն անցկացվել է IOF-ի միջազգային կանոններով։

Մասնակիցները 2,5-3,5 կմ են հաղթահարել լեռնա-անտառային կտրտված տեղանքում, որոշել տեղադիրքը, կողմնորոշվել միայն քարտեզով և կողմնացույցով՝ քարտեզում նշումներ կատարելով երթուղու հսկիչ կետերում։ Եզրագծում մրցավարները հաշվի էին առնում երթուղու հաղթահարման ժամանակը և, ըստ քարտեզի նշումների, թիմերի կողմնորոշումը տեղանքում։

Խաղերի այս փուլում երկրորդ տեղը գրավել է Իրանի թիմը, որին հաջորդում են ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Հունաստանի թիմերը։

«Միջազգային բանակային խաղերի» թիմերից յուրաքանչյուրում ընդգրկված է 18 տղամարդ և 6 կին զինծառայող։ «Խաղաղության մարտիկ» մրցումներն անցկացվում են 2009 թվականից՝ ԱՊՀ անդամերկրների Պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ։

Այս տարվա մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակիցներն ուժերը կչափեն նաև ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրականգեղարվեստական և պարայիներաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

*

*