Նարինե Թուխիկյանն ապացուցեց, որ առաջին հերթին մտավորական է. Ռուբեն Բաբայան

«Միջազգային մակարդակով նման լուծումներ ունեցող ցուցադրություններ մատների վրա կարելի է հաշվել»։
cucahandes-xavarum

«Նարինե Թուխիկյանը լավագույնս է կատարել իր մասնագիտական պարտականությունները, ապացուցել է, որ թանգարանի տնօրենն առաջին հերթին մտավորական է, գիտաշխատող, և վերջում՝ պաշտոնյա: Մեզ այսպիսի մարդիկ են պետք, որոնք կունենան նման քաղաքացիական և ստեղծագործական մոտեցում իրենց հանձնարարված աշխատանքի նկատմամբ: Նա իր պարտականություններից դուրս որևէ բան չի կատարել»,- «Մեդիա կենտրոն»-ի ««Խավարում» ցուցահանդեսի հարկադիր կասեցում. որոշման դրդապատճառների գնահատում ու դիտարկումներ» թեմայով քննարկմանն ասաց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:
Ըստ Բաբայանի՝ ցուցահանդեսի փակումը  ոչ ծանր գրաքննություն է, ոչ՝  ազատություն. «Հանրության բուռն արձագանքը ցուցահանդեսի փակման լավագույն արդյունքն էր: Այս առիթով շնորհավորում եմ բոլորիս»,- ասաց նա:

«Քաղաքականացման մասին առաջին ազդակը տվել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը՝ ասելով, թե փոքր-ինչ շտկումներց հետո ցուցահանդեսը կվերաբացվի»,- ասաց երգահան, երգիչ Վահան Արծրունին՝ շեշտելով, որ այդ փաստն արդեն իսկ նշանակում է կոպիտ ցենզուրա, կոպիտ ներխուժում արվեստի դաշտ:

Արծրունին ցուցահանդեսի վերաբերյալ իր հիացմունքը հայտնեց. «Մենք տեսել ենք հրաշալի, գրագետ կերպով լանդշաֆտային ինստալացիա, որն ուներ հստակ մեսիջ և կուռ տրամաբանություն: Միջազգային մակարդակով նման լուծումներ ունեցող ցուցադրություններ մատների վրա կարելի է  հաշվել, իսկ մեզ մոտ այն փակվում է  անհեթեթ բացատրություններով»,-ասաց Արծրունին:

 

*

*