Խաչակնքելու գրավչության մասին

Նույն երթուղայինով գործի, դասի կամ մեկ այլ տեղ գնացող ուղեւորները հեռակա ճանաչում են իրար
xach

-Պատուհանը փակե՞մ:

— Չէ, դեռեւս ամեն ինչ լավ է:

Տաքսու վարորդը խաչակնքեց:

— Ինչո՞ւ խաչակնքեցիք, որ չբողոքեցի՞նք:

— Չէ, եկեղեցու մոտ էինք, դրա համար:

Տաքսու վարորդը երթուղին ճշտելուց հետո շարունակեց ճանապարհը: Շատ չանցած նկատեցինք, որ մեքենայի հաշվիչի թվերը շատ արագ են աճում:

— Ձեր հաշվիչը լա՞վ է աշխատում,- հարցրեց ընկերուհիս:

— Այո:

— Իսկ ինչո՞ւ է գումարը արդեն 900-ի հասել, եթե դեռ մինիմալի վրա պետք է լիներ:

— Մեկ կիլոմետրը 120 դրամ է:

— Գուցե այդ դեպքում նստելիս զգուշացնեիք,- միջամտեցի:

— Որ հարցնեիք, ազնվորեն կասեի: Իսկ դուք հաշվի չե՞ք առնում, որ կյանքը թանկացել է, ապրանքը թանկացել է, մեքենայի նույն յուղը, որ առաջ 5000-ով էինք առնում, հիմա 15 հազարով ենք առնում, սնունդը թանկացել է, բա՞ մենք ոնց նույն գնով քշենք, բա՞ …

— Եկեք ավարտենք խոսակցությունը, չէ՞ որ դուք խաչակնքվել եք, իսկ դրանից հետո ինչ ուզեք, կանեք, չէ՞:

***

… Նույն երթուղայինով գործի, դասի կամ մեկ այլ տեղ գնացող ուղեւորները հեռակա ճանաչում են իրար. նույն ժամին հաճախ են հանդիպում: Իմ նստելուց հետո 3-րդ կանգառում գրեթե ամեն օր մի տղամարդ է բարձրանում երթուղային, որն այդ ժամանակ դեռ լիքը չի լինում: Նա գրեթե միշտ հաջողում է հաղթական արհամարհանքը դեմքին առաջ անցնել հակառակ սեռի ներկայացուցիչներից: Արտաքնապես առողջ, քիչ թե շատ ամրակազմ միջին տարիքի, գրեթե երիտասարդ այդ տղամարդը շատ ավելի գոհունակությամբ մեկուկես նստարան է զբաղեցնում ու զզվանքով նայում է իր գլխի վերեւը կորացածներին, բարկությամբ շալվարի փեշն է սրբում, երբ մեկը մեքենայի անկանոն ընթացքի պատճառով դիպչում է դրան, հա՜, չի մոռանում դիտողություն անել, որ արագացնեն «ժողովուրդը». ենթադրում եմ՝ ուշանում է ինչ-որ տեղից: Ու ամենակարեւորը՝ ընթացքում երկու անգամ խաչակնքում է եկեղեցիների մոտով անցնելիս (ափսոս՝ երրորդի մոտով անցնելու ժամանակ նա արդեն իջած է լինում):

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*