Ոստիկանության Էրեբունու բաժնի պետն ազատվել է պաշտոնից

Ոստիականապետը նաեւ հանձնարարություն է տվել՝ հայտնաբերեն հուլիսի 29-30-ին Սարի թաղում միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները...

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, պաշտոնից ազատվել է Երեւանի ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գեւորգ Հակոբյանը։ Նոր պետ է նշանակվել Գրիգոր Ամիրխանյանը։

Ոստիկանությունն այս պաշտոնանկության պատճառը չի նշում։

Ոստիականապետի հանձնարարությամբ, օպերատիվ ծառայությունների ղեկավարները պետք է հայտնաբերեն հուլիսի 29-30-ին Սարի թաղում միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ:

«Ինչպես հայտնել ենք, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝  հուլիսի 29-30-ին Սարի թաղում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություններ են սկսվել՝ ինչպես ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց տեխնիկական միջոցները վնասելու դեպքերով:

Ոստիկանության պետն օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

*

*