Ոստիկանության կայքում վարորդները կարող են տեսնել նվազ նշանակության իրենց իրավախախտումները

Օրենքի դրույթի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ վարորդներ էին դիմում...
varord

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքով նախատեսված նվազ նշանակության իրավախախտումների մասին դրույթի առնչությամբ վարորդների շրջանում տեղեկացվածության պակաս կա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ նշեց «ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Օրենքի դրույթի ուժի մեջ մտնելուց հետո, մեզ բազմաթիվ վարորդներ էին դիմում: Նրանք ներկայացնում էին իրավախախտում`ասելով, թե նվազ նշանակության է: Ասում էին` մի քիչ աջ եմ գնացել, մի քիչ ձախ եմ գնացել, դեղին լույսի տակ եմ անցել և այլն: Այսպես էր ընկալվում: Մենք էլ իրենց ներկայացնում էինք օրենքի պահանջները, բացատրական աշխատանք տանում: Դա գալիս է նրանից, որ Ոստիկանությունը նախապես բավարար չափով իրազեկման, նախապատրաստական աշխատանք չի տարել»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը` նկատելով, որ վերջին շրջանում այդ հարցերով դիմողների թիվը կրճատվել է:

ՀՀ ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը, հակադարձելով Էդուարդ Հովհաննիսյանին, նշեց, որ իրազեկման աշխատանքներն ի սկզբանե տարվել են ներկայում էլ շարունակվում են:

«Չեմ կարող համաձայնել ձեր ասածի հետ, այդ թեմայով բազմաթիվ մամուլի ասուլիսներ են կազմակերպվել, հաղորդումներ են եղել, մասնակցել է թե Արդարադատության նախարարը, թե Ոստիկանության ներկայացուցիչը: Չհաշված, լրատվական վարչության միջոցով պատրաստված հաղորդումը: Բոլոր հնարավոր միջոցներով մարդկանց իրազեկվել է»,-ասաց Արման Չիլինգարյանը

Անդրադառնալով նվազ նշանակության իրավախախտումների մասին դրույթին` Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ կան որոշ ոչ հստակ իրավիճակներ: Մասնավորապես, նա ներկայացրեց օրինակ, երբ մեկ տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենա երկրորդ շարքում կանգնել և ուղևոր է իջեցրել, այդ ընթացքում մեկ այլ ավտոմեքենա շրջանցել է նրան, հատել հոծ գիծը և անցել: Այդ ժամանակ հանդիպակաց հատվածում ոչ մի ավտոմեքենա չի եղել, վթարային իրավիճակ չի ստեղծվել, սակայն վարորդը տուգանվել է: Արման Չիլինգարյանը նշեց, որ այդտեղ կա ակնհայտ վտանգ ստեղծելու իրավիճակ:

«Հիմա պատկերացրեք, տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենայի դիմացով մի հետիոտն էր անցնում, ու կողքով շրջանցող և հանդիպակաց գոտի դուրս եկած մեքենան այդ հետիոտնին վրաերթի էր ենթարկում»,-ասաց Արման Չիլինգայանը:

Նա վստահեցրեց, որ նվազ նշանակության իրավախախտումների մասին դրույթը կիրառվում է: Ընթացիկ տարվա 6 ամսվա ընթացքում տուգանք է սահմանվել  արձանագրված իրավախախտումների մոտ մեկ երրորդի չափով, մնացածը դիտարկվել  է որպես նվազ նշանակություն ունեցող: Արման Չլինգարյանը տեղեկացրեց, որ շուտով ոստիկանության կայքում կլինի բաժին, որտեղ վարորդը կարող է տեսնել իր կողմից կատարած այն խախտումը, որը դիտվել է որպես նվազ նշանակություն ունեցող:

*

*