«Քաղաքացիների հետ պետք է լինել ավելի բարեկիրթ ու կոռեկտ»․ Վալերի Օսիպյան

Աշխատանքային խորհրդակցություն՝ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ
osipyan

Հոկտեմբերի 20-ին Վալերի Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին ճանապարհային ոստիկանության բարեխիղճ և սրտացավ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով՝ իր անունից շնորհակալություն հայտնել բոլոր ճանապարհային ոստիկաններին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վալերի Օսիպյանն անդրադարձավ ծառայության որակն ավելի բարձրացնելու խնդիրներին՝ ընդգծելով, որ ճանապարհային ոստիկանները քաղաքացիների հետ շփումներում պետք է լինեն ավելի բարեկիրթ ու կոռեկտ, առաջնորդվեն բացառապես օրինականության սկզբունքով, գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում՝ բացառելով կոռուպցիոն ցանկացած դրսևորում։

Ոստիկանության պետը հավաստիացրեց, որ բարեխիղճ ու սրտացավ ծառայողներն ըստ արժանվույն կգնահատվեն, իսկ ճանապարհային ոստիկանի և, առհասարակ, ոստիկանի պատիվն ու արժանապատվությունն իրենց գործողություններով արատավորող ծառայողները համակարգում տեղ չունեն։

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներին՝ ոստիկանության պետը հանձնարարեց ներողամտություն չցուցաբերել այն վարորդների նկատմամբ, որոնք կոպիտ կերպով խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Այս առումով Վալերի Օսիպյանը ճանապարհային ոստիկանության ղեկավարության տվեց պարտադիր կատարման ենթակա կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

*

*