Ոստիկանության աշխատակիցը այցելել է news.am-ի խմբագրություն՝ գրություն հանձնելու, ոստիկանությունը պարզաբանում է

Ոստիկանությունը պարզաբանել է ԶԼՄ-ի ղեկավարի գրառումը
vostikanutyun (1)

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել News.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանի՝ «Ֆեյսբուք»-ի նրա էջի գրառման կապակցությամբ:

Պարզաբանման մեջ ասվում է. «News.am կայքի խմբագիր Արմենիկա Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ոստիկանությունը եկել է News.am-ի խմբագրություն…»:

Նշվածի կապակցությամբ պարզաբանում ենք, որ այսօր ոստիկանության ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է Նյուզ-ի խմբագրություն` ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելու:

Խմբագրությունում նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է, գլխավոր խմբագրին հայտնել իր այցի նպատակը ու հանձնել թղթերը: Խմբագիրը բովանդակությանը ծանոթանալուց հետո ասել է, որ կխոսի իր իրավաբանի հետ: Վերջինիս հետ հեռախոսային խոսակցությունից հետո հրաժարվել է վերցնել թուղթը:

Ոստիկանության ծառայողի բացատրությունից հետո, որ, միևնույն է, փոստով ուղարկելու է գրությունը, խմբագիրը նորից է զանգահարել իրավաբանին: Իրավաբանները եկել են խմբագրություն, ծանոթացել գրությանը, ինչից հետո գլխավոր խմբագիրը ստորագրել է ոստիկանի օրինակը ու վերցրել գրության իր օրինակը: Ոստիկանության ծառայողը դուրս է եկել խմբագրությունից ու հեռացել:

Ավելացնենք միայն՝ կախման կետերով, անորոշ հայտարարություն տարածելով, ոստիկանության լրատվության վարչության զանգերը անտեսելով, լրատվամիջոցների հարցերին խորհրդավոր լռությամբ «պատասխանելով» չարժեր, անիմաստ աղմուկ բարձրացնել` ի սկզբանե իմանալով, որ տեղի ունեցածը «իրադարձություն» չէ և որևէ աղմուկի հիմք դառնալ չի կարող:

Ի դեպ, նշված գրությունը փոխանցվել է նաև այլ լրատվամիջոցի»:

*

*