Փոքրիկներին շնորհավորելու էր եկել ոստիկանության նվագախումբը

Նելլի Դուրյանը նշեց, որ երեխաները շատ տպավորված են մոտոցիկլետների ցուցադրությունից։

Երեխաների պաշտպանության օրը Ազատության հրապարակում ավելի գրավիչ ու հետաքրքիր էին դարձնում ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներ։ Ազատության հրապարակում փոքրիկներին շնորհավորելու էին եկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության նվագախումբը և ոստիկանության այլ աշխատակիցներ։ Վերջիններս իրենց ծառայողական մոտոցիկլետներն էին ցուցադրում մանուկներին և թույլ էին տալիս նստել դրանց վրա ու լուսանկարվել։

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը նշեց, որ երեխաները շատ տպավորված են մոտոցիկլետների ցուցադրությունից, հատկապես, որ թույլատրվում է նստել դրանց վրա։ «Մենք վերջին երեք-չորս տարիների ընթացքում նմանատիպ միջոցառումներ շատ ենք իրականացրել և հունիսի 1-ին էլ միշտ փորձում ենք ուրախացնել մեր երեխաներին։ Ներքին գործերի նախարարության նվագախումբը երեխաների պաշտպանության օրը առաջին անգամ է նվագում մանուկների համար և այդպիսով ողջունում նրանց»,- ընդգծեց Դուրյանը։

Ոստիկանության աշխատակիցներն այցելել են նաև Վարդաշենի հակասոցիալական վարք դրսևորող անչափահասների հատուկ կրթահամալիր։ «Մենք գնում ենք շնորհավորելու նաև այնտեղ սովորող մեր երեխաներին։ Հաշվառման մեջ գտնվող իրավախախտ անչափահաս մեր երեխաներին այսօր տանելու ենք կենդանաբանական այգի և իրականացնելու մի շարք այլ միջոցառումներ։ Դրանք շարունակվելու են վաղը և ամառվա բոլոր երեք ամիսներին»,- ասաց Նելլի Դուրյանը։ Նրա խոսքով՝ այս ամենը ՀՀ ոստիկանապետի, ոստիկանության ղեկավարության պահանջն է, և խնդիր է դրված, որպեսզի անընդհատ նոր մտահղացումներով հանդես գան փոքրիկների, նրանց ապահովության և երջանիկ մանկության համար։

*

*