Ոստիկանությունն անցել է արտակարգ ռեժիմի ծառայության

Ստուգատեսն ընդունել է ոստիկանապետը

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները դեկտեմբերի 30-ին ուժեղացված ծառայությունից անցել են արտակարգ ռեժիմի ծառայության:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին մայրաքաղաքում ծառայության դուրս եկող անձնակազմերի ստուգատեսն ընդունել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության պետն առաջադրել է Երևանի կայազորի, ճանապարհային ոստիկանության, պետական պահպանության գլխավոր վարչության, հասարակական կարգի ապահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերի խնդիրները արտակարգ ռեժիմի ծառայության ընթացքում:

Ուժեղացված ծառայության վերակարգերը տոների ողջ շրջանում ապահովելու են հասարակական կարգը մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, ժամանցի վայրերում: Խնդիրը քաղաքացիների անվտանգության պահպանումն ու հակաիրավական միջադեպերի բացառումն է, և ոստիկանությունն ակնկալում է համաքաղաքացիների աջակցությունն այդ կարևոր գործում:

Ստուգատեսի ավարտին Վլադիմիր Գասպարյանը ստուգել է անձնակազմերի պատրաստվածությունը, հանդերձավորումը, տեխնիկական հագեցումն ու տրանսպորտային միջոցները և կոնկրետ ցուցումներ տվել վերակարգերին:

*

*