«ՎիզաՄետրիկ»-ի գործունեությունը Հայաստանում առկախվում է մինչև ստուգումների ավարտը

Մտավախություն կա, որ ՀՀ քաղաքացիների անձնական տվալները կփոխանցվեն Թուրքիային:
viza

Գերմանիայի եւ մի շարք այլ երկրների դեսպանատների միջոցով Հայաստանում շենգենյան վիզա ստանալ առաջիկայում դժվար հաջողվի։ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է առկախել Շենգեն վիզա տրամադրելու միջնորդ դարձած ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը։ Նման քայլի Հայաստանը պատրաստվում է դիմել, քանի որ ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները կարող են հայտնվել թուրք-ռուսական ծագմամբ ընկերության ձեռքում։ Արդյունքում, եվրոպական այդ երկրների համար վիզայի ծառայություն մատուցող թուրքական կազմակերպության համար կասեցվելու են անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, համակարգելու, փոխանցելու կամ օգտագործելու հնարավորություները՝ մինչեւ գործակալության ստուգումների ավարտը:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը ռուս-թուրքական կոնսորցիում է: Այս փաստն էլ առաջացրել էր մտավախություն, որ ՀՀ քաղաքացիների անձնական տվալները կփոխանցվեն Թուրքիային:

*

*