Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն ուսանողների կողքին է գաղափարապես: «Չեմ պատրաստվում նստել սառը քարին, դա երիտասարդներինն է, բայց, որպես հայ, Երևանի բնակիչ, չեմ կարող հասկանալ այս բազմաժանր նախարարության քայլերը: Ինձ համար անհասկանալի և անընդունելի է: Դրա փոխարեն թող զբաղվեն, թե ինչերեն է խոսում այսօր հեռուստատեսությունը. կան հեռուստաալիքներ, որ, երբ միացնում ես, ուզում ես հասկանալ, թե ինչերեն է. ոնց են աղավաղում մեր մայրենին: Դա շատ ավելի կարևոր հարց է, որ օրենքի հարթակի վրա պետք է լուծվի, որպեսզի արգելվի գործածել այդ լեզուն: Դրա փոխարեն չգիտեմ՝ ինչով են զբաղված»,- կառավարության շենքի առջև ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց նա:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը կասկած հայտնեց, որ Արայիկ Հարությունյանի գնալով ինչ-որ բան կփոխվի: «Մակունցը գնաց, եկավ Նազելի Ղարիբյանը, ի՞նչ փոխվեց: Ինչ էլ փոխվեց, փոխվեց դեպի վատը: Հիմա պաշտոնը ստանձնել է Արա Խզմալյանը, ինչո՞վ է նա զբաղվելու: Հին սխալները, թերությունները, թերացումները շտկելո՞վ, թե՞ ինչ-որ նոր քայլեր անելով: Ես չեմ տեսնում թերությունները, լսում եմ: Տեսնելու բան չկա»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ-ում տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: