Վիգեն Սարգսյանի երեք ցանկությունները

«Կախարդական փայտիկ եթե ունենայի, ցանկություններիս քանակը կշատացնեի»,-կատակեց նախարարը։
vigen-sargsyan

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ապշեցնում է, թե որքան ջանք ու ռեսուրս է ծախսում մարդկությունը միմյանց ոչնչացնելու վրա: Այս մասին անկեղծացավ նախարարը «Այբ» կրթական կենտրոնում «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով դասախոսության ժամանակ` պատասխանելով ներկաներից մեկի այն հարցին, թե երեք ինչ ցանկություն կիրագործեր նախարարը կախարդական փայտիկ ունենալու դեպքում:

«Կախարդական փայտիկ եթե ունենայի, ցանկություններիս քանակը կշատացնեի»,-նախ կատակեց նախարարը: Բայց ավելի շատ նախարարը խաղաղություն կուզեր աշխարհին:

«Շատ կուզեի իմաստնություն գար աշխարհի ժողովրդին ու խաղաղություն լիներ ամենուր, որ մարդիկ կարողանային ազատ զարգանալ ու առաջ շարժվել: Հիմա աշխատանքի բերումով, երբ նայում եմ զինվորական ցուցադրություններ, զորավարժություններ, զենք-զինամթերքի ցուցահանդեսներ, անընդհատ ապշում եմ, թե որքան ջանք ու ռեսուրս է ծախսում մարդկությունը միմյանց ոչնչացնելու վրա»,-ասաց նախարարը` հավելելով` գուցե տարօրինակ է սա լսել պաշտպանության նախարարից:

Մյուս ցանկությունը կլիներ այն, որ վերանար անգրագիտությունը:

Ինչ վերաբերում է երրորդ ցանկությանը, այն դահլիճին ծիծաղ բերեց. «Եթե այդ ամենը լիներ, մեկ բաժակ սուրճ կուզեի»:

Վիգեն Սարգսյանի ելույթը կայացավ «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում, որի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների միջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի, կարողությունների հանդեպ:

*

*