Նախարար. «Ցանկացած զենքի մատակարարմանն Ադրբեջանին բացասական եմ վերաբերվում»

Հայաստանցի ոչ մի պաշտոնյայի չի կարող ոգեւորել այդ հանգամանքը:
vigen-sargsyan-asulis

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով Ռուստաստանի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության մասին՝ նախարարը նշել է, որ փոխգործակցության այդ ծրագիրը բավականին հավակնոտ է: Իսկ երկխոսության ժամանակ բարձրացվող խնդիրները նախարարը բնորոշել է որպես «երկարատեւ ու կայունացնող», եւ ավելի կարեւոր՝ զենքի այս կամ այն քանակի մատակարարումից:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ Ռուսաստանից զենքը գնվում է ներքին գներով՝ դաշնակցային սկզբունքի հիման վրա: Իսկ ինչ վերաբերում է վերջերս Ռուսաստանի՝ Ադրբեջանին զինտեխնիկայի մատակարարմանը, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է, որ հայաստանցի ոչ մի պաշտոնյայի չի կարող ոգեւորել այդ հանգամանքը:

«Ցանկացած զենքի մատակարարմանն Ադրբեջանին բացասական եմ վերաբերվում, որովհետեւ Ադրբեջանը շատ անկանխատեսելի երկիր է՝ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով: Նրա ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին եւ վերլուծության դժվար ենթարկվող խնդիրների համադրմամբ: Եվ այդ առումով՝ լինի դա ռուսական, իսրայելական, թուրքական զենք, ցանկացած զենքի մատակարարումը մեծ, նոր ռիսկեր է ստեղծում»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*