Ճանապարհային ոստիկանության պետը շրջանավարտներին կոչ է անում «Վերջին զանգի» օրը զերծ մնալ ավտոմեքենա վարելուց

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն կիրականացնի դպրոցների մոտ ու միջոցառումների վայրերում
verjin-zang (1)

ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը ուղերձ է հղել՝ շրջանավարտներին կոչ անելով զերծ մնալ «Վերջին զանգի» օրը մեքենա վարելուց: Ուղերձում ասվում է.

«Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի որևէ միջադեպ չմթագնի մեր երեխաների համար այդքան կարևոր օրվա պայծառությունը: Առաջին հերթին կոչ եմ անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց: Ծնողներին խնդրում և հորդորում եմ՝ տրանսպորտային միջոցներ մի տրամադրեք անչափահասներին, նաև ձեր ներկայությամբ կանխեք արկածախնդրության հնարավոր դրսևորումներն ու հետևանքները:

«Վերջին զանգի» միջոցառման օրն առավոտից Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու դպրոցների մոտ ու միջոցառումների վայրերում: Մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները հասարակական կարգն ու մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ դրսևորվելու է խիստ ու անհանդուրժողական վերաբերմունք»:

 

*

*