«Վերջին զանգի» կապակցությամբ նվերներ ու շռայլություններ չպետք է լինեն. ԿԳ նախարար

«...կարելի է քիչ գումարով՝ 5000-10 000 դրամով երեկոն նշել»

Որևէ ուսուցիչ կամ տնօրեն իր դպրոցում տարբեր օլիգարխների, օլիգարխանման պատգամավորների քարոզչություն չպետք է անի: Սա կանխվելու և խստիվ պատժվելու է օրենքի ուժով: Այս մասին ասել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ԿԳՆ ենթակայության և մասնավոր ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ տեղյակ է՝ շատ ուսուցիչներ, տնօրեններ սոցիալական լուրջ խնդիրներ ունեն, և այս ուղղությամբ նախարարությունը քայլեր է ձեռնարկում:

Սակայն, նախարարի խոսքով, սոցիալական խնդիրներ ունենալն ամենևին չի նշանակում, որ դպրոցում պետք է կոռուպցիա լինի:

«Դրամահավաքների հետ կապված՝ ես որոշակի գործողություններ եմ անում, գիտեմ՝ դպրոցների զգալի հատվածում արդեն կանխվել են դրանք: Ինչ վերաբերում է ավարտական երեկոներին, ապա կարելի է քիչ գումարով՝ 5000-10 000 դրամով երեկոն նշել, բեմը զարդարել, այլ ոչ թե դեռ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից գումար հավաքել: Նվերներն ու շռայլություններ էլ չպետք է լինեն, քանի որ բացի նրանից, որ դրանք անթույլատրելի են, դրա հետևանքով մի շարք ծնողներ պարտքերի և վարկերի տակ են ընկնում, քանի որ չեն ուզում իրենց երեխան անջատվի մյուսներից: Սա դադարեցնել է պետք»,-ասաց նախարարը:

*

*