Լարսում մնացած քաղաքացի. «Ես` ՀՀ քաղաքացիս, օտար երկրում եմ` սոված, մոլորված, ի՞նչ է անում կառավարությունն ինձ վերադարձնելու համար»

Հիմա ՀՀ քաղաքացին Լարսում է և նրա տվյալներով` այնտեղ կա նաև մեկ ընտանիք` մանր երեխաներով, ինչպես նաև բեռնատարների մոտ 48 վարորդ՝ ըստ երեկ կազմված ցուցակի:
Verin-lars-avtojanaparh

Tert.am — Լարսում արգելափակված Գարեգին Կարապետյանը 9 մղձավանջային օրեր է անցկացրել և այսօր  դեռ Լարսում է, որտեղից երեկ նրա աչքի առաջ ՀՀ է մեկնել Հայաստանի քաղաքացիների տեղափոխող, ըստ նրա, վերջին ավտոբուսը:

Tert.am –ի հետ զրույցում Գարեգինը մանրամասնեց , որ Լարսի անցակետում արգելափակվելուց հետո այս 9 օրվա ընթացքում Վլադիկավկազ- Լարս- Վլադիկավկազ- Նովոռոսիյսկ- Սոչի- Լարս  երթուղով փորձել է գտնել դեպի Հայաստան վերադառնալու ճանապարհներ: Նովոռոսիյսկից Ռուսաստան գնալու ապարդյուն փորձից հետո նա վերադառնալով Լարս` տեսել է, թե ինչպես է Հայաստան գնացող վերջին ավտոբուսն իր աչքի առաջ վերցնում դեպի Հայաստան ուղղություն:  Զանգահարել է ԱԻՆ, որտեղից նրան ասել են. «Մենք վերջացրեցինք, մարդկանց ոնց ուզում եք հասեք, ուզում եք մնացեք, ուզում եք եկեք, Ձեր գործն է»:

Գարեգինին գրեթե նույն բանն ասել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ-ի ներկայացուցիչը` Արտակ Ղազարյանը` մանրամասնելով, որ փրկարարական աշխատանքներն ավարտված են, և ինքն արդեն գտնվում է Մոսկվայում, ոչ մի օգնություն էլ չի ցուցաբերվելու:

Հիմա ՀՀ քաղաքացին Լարսում է և նրա տվյալներով` այնտեղ կա նաև մեկ ընտանիք` մանր երեխաներով, ինչպես նաև բեռնատարների մոտ 48 վարորդ՝ ըստ երեկ կազմված  ցուցակի:

«Կային  և դեռ կան մարդիկ, որոնք հեռու ռեգիոններից են, չէին կարող գնալ, կային, որ տրանզիտ պետհամարանիշներով էին, փորձում էին հետ գնալ,չէր ստացվում: Իսկ մոտ ռեգիոններից մարդիկ էլ փորձում էին ինքնուրույն էժան ճանապարհներով վերադառնալ: Եվ պետք է որ մեր ԱԻՆ աշխատակիցները լինեին ստեղ և ֆիլտրեին նման մարդկանց»:

Ըստ Գարեգինի` հատկապես ծանր վիճակում են այն մարդիկ, որոնք նախատեսել էին 2-3 օրվա ճանապարհ անցնել և «դալնաբոյշիկ» վարորդները, որոնց մեքենաները բեռնված են թանկ ապրանքներով ու վերջիններս վախենում են ոչ միայն իրենց, այլև իրենց բեռերի անվտանգության համար:

Նա պատմեց, որ թեև եղանակային պայմանները Վլադիկավկազում նորմալ էին, շատ շոգ չէ, +18 աստիճան է, վրանային ավաններում տեղավորվածներին տրվել է միայն հաց և ջուր:

«Ու թեև կար վրանային ավան, մարդիկ չէին գնում այնտեղ քնելու, ոմանք փորձում էին գտնել ինչ-որ հյուրանոցներ: Սնունդի առումով ամեն մեկն իր սնունդն էր կազմակերպում, քանի որ  ինֆորմացիան այն էր, որ «Էմ Չէ Էս»-ը կոպիտ ասած` միայն հաց և ջուր է տալիս: Ուստի՝ մարդիկ իրենք փող էին հավաքում, գնում ինչ-որ բան առնում, սնվում էին` ոնց կարողանում էին: Իսկ այստեղի` անցակետի մոտի  խանութը բավական թանկ գներ է դրել»,- պատմեց Գարեգինը:

Նշված երթուղիներով  այլընտրանքային ճանապարհներ փնտրելիս,  Գարեգին Կարապետյանը  զանգահարել է ՀՀ ԱԻՆ, ՌԴ ԱԻՆ, Հայաստանի տրանսպորտի նախարարություն, Հայաստանի  արտգործնախարարություն, Կառավարության «թեժ գիծ»:  Գարեգինի խոսքով` ամենացնցող պատասխանը ստացել է Կառավարության «թեժ գիծ» զանգահարելով:

«Երկար պատմելուց հետո այդ ամենը ներկայացնելուց հետո զանգել եմ մեր նախարարություններ,  ինձ խորհուրդ են տվել` գամ, հասնեմ ստեղ և ունեմ ինֆորմացիա Տրանսպորտի նախարարությունից, որ «Սպայկա» ընկերությունը վարձելու է 3 լաստանավ, որպեսզի այս ընկերությունն ինչ-որ կերպ հորդորի, որ ՀՀ քաղաքացիներին վերցնեն, տեղափոխեն դեպի Վրաստան և այլն: Ինքը շատ լղոզված պատասխաններ էր տալիս ու շատ  դժգոհ, ես տվել եմ ընդամենը մեկ հարց` ես ՀՀ քաղաքացի եմ, գտնվում եմ օտար երկրում,  ես սոված եմ, ես ծարավ եմ, ես կորած եմ, ես մոլորված եմ, ինչ է անում կառավարությունն ինձ վերադարձնելու համար, ինձ ասել են` «ոչ մի բան, Լարսը մենք չենք փակել»:verin-lars

Կառավարության պատասխանից ահավոր բարկանալով` Գարեգինը փորձել է գնալ Նովոռոսիյսկ, սակայն հասնելով այնտեղ նոր բարդությունների է հանդիպել. քանի որ Ուկրաինան վատ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, նա որոշել է, որ այդ ճանապարհը ոչ միայն բավականին թանկ է, այլև անվտանգ չէ: Սրանից հետո զանգահարել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղից խորհուրդ են տվել զանգել ՌԴ ԱԻՆ:

Ի դեպ,  ՀՀ Տրանսպորտի նախարարությունից էլ Գարեգինին խորհուրդ են տվել գնալ` Սոչի և այնտեղից Բաթում փոխադրվել և կամ զանգել Սոչիում ՀՀ հյուպատոսություն, որտեղից ոչ մի հեռախոսահամար չի պատասխանել:

Ինչևէ, երեկ Լարսում Գարեգինն  ականատես է եղել, թե ինչպես ԱԻՆ-ը հրաժարվել է  միասին ավտոբուս նստեցնել ամուսիններին և ծնողների լիազորագրով նրանց
հանձնված անչափահաս երեխային:

«ԱԻՆ-նն ասում էր`«ես կնոջը կտեղափոխեմ, բայց դուք (ամուսինն ու երեխան) պետք է մնաք, չնայած նրանց բացատրում էին, որ, եթե կնոջը տեղափոխեն`  երեխան չի կարող վերադարձվել Հայաստան, որովհետև երեխաների ծնողների` երեխայի համար լիազորագիրը հենց կնոջ անունով է, եթե կնոջը վերցնում եք, ապա նա դառնում է ապօրինի»,– պատմեց նա:

Լարսում մնացած Գարեգինը հիմա էլ նամակ է պատրաստում  տեղի` Ինգուշեթիայի ԱԻՆ դիմելու համար, որպեսզի նրանք` այնտեղ մնացածների մասին ինֆորմացիան ևս մեկ անգամ փոխանցեն իրենց հայ գործընկերներին:

Ինգուշեթիայի ԱԻՆ–ին ուղղված դիմումը

13565471_930073667115230_81961928_nnamak

 

Անուշ Դաշտենց

*

*