Վարդենիս-Մարտակերտ մայրուղին բացվեց

Հայաստանի և Արցախի հյուսիսային հատվածները միմյանց կապող ճանապարհն անցնում է 29 հեռու և մոտ բնակավայրերով։

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգև Սրբազանի հետ այցելել են նաև Դադիվանք՝ ծանոթացել վանական համալիրում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին և մոմ վառել Դադիվանքի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցում:

Հայկական երկու հանրապետությունների նախագահները Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում այսօր կայցելեն նաև գինու նորաբաց գործարան:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մայրաքաղաք Ստեփանակերտում կմասնակցի Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Վարդենիս-Մարտակերտ մայրուղի. տեղեկանք

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով, ՀՀ և ԱՀ կառավարությունների աջակցությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքն է մոտ 17 մլրդ ՀՀ դրամ, որից 7․5 միլիարդ դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 1 միլիարդ 950 մլն դրամը՝ ԱՀ կառավարությունը։

Մնացած գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքագրել է 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների շրջանակներում, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Իրանի հայ համայնքների, Հայաստանի ու Արցախի նվիրատուները։

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային մայրուղին է։ Այն սկիզբ է առնում ՀՀ Գեղարքունիքի մարզից և Արցախի Շահումյանի շրջանով ձգվում մինչև Մարտակերտի շրջան։ 114․6կմ երկարությամբ ճանապարհն ունի 10 և ավելի մետր լայնություն, որից 7 մետրը կազմում է երկշերտ ասֆալտապատ երթևեկելի հատվածը։ Մայրուղին ունի օժանդակ կառույցներ, այդ թվում՝ ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ, հենապատեր, եզրաքարեր, վերանորոգված 17 մեծ ու փոքր կամուրջներ։ Ճանապարհն ամբողջությամբ ապահովված է գծանշումներով և անհրաժեշտ կահավորմամբ։

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև լրացուցիչ աշխատանքներ. կառուցվել են մայրուղուց դեպի Չափառ գյուղ տանող մոտ 4կմ ճանապարհահատվածը և մայրուղուց դեպի Դադիվանք տանող 1կմ 150մ ճանապարհը, վերանորոգվել Դրմբոնից դեպի Մարտակերտ տանող 11.6կմ ճանապարհը: Հիմնադրամի և կապալառու ընկերությունների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ վերջիններս պարտավորվում են 5 տարի երաշխիքային սպասարկում իրականացնել ամբողջ ճանապարհի երկայնքով։

Հայաստանի և Արցախի հյուսիսային հատվածները միմյանց կապող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն անցնում է 29 հեռու և մոտ բնակավայրերով։ Ճանապարհից մինչև 2-3 կմ հեռավորության վրա ընկած համայնքներն են Դրմբոնը, Կոճողուտը, Վերին Հոռաթաղը, Վաղուհասը, Հաթերքը, Գետավանը, Չափարը, Խնկավանը, Չարեքթարը, Նոր Էրքեջը, Դադիվանքը, Նոր Գետաշենը, Քնարավանը և Եղեգնուտը: 5 կմ և ավելի հեռավորության վրա են գտնվում Քարվաճառի շրջկենտրոնը, Նոր Ղարաչինար, Հարութագոմեր, Զարդախաչ, Համշակ, Չափնի, Չինավան, Նոր Խարխապուր, Շիկքար, Նոր Բրաջուր, Եղցին, Զովք, Նոր Վերնաշեն, Մշենի, Նոր Մանաշիդ գյուղերը։

Ռազմավարական նշանակության նոր մայրուղու գործարկումը զգալիորեն կրճատում է ոչ միայն այն ժամանակն ու տարածությունը, որն այսօր անհրաժեշտ է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով Արցախի հյուսիսային շրջաններ ուղևորվելու համար, այլև ամրապնդում է միջհամայնքային կապերը՝ նպաստելով հարակից համայնքների տնտեսական զարգացմանը, խթանում է զբոսաշրջությունը` աշխուժացնելով երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքը: Ճանապարհը հնարավորություն է տալիս նաև ծանոթանալ մեր պատմամշակութային հուշարձաններին ու վայելել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը: Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման խոշոր նվիրատուներն են՝

Սամվել Կարապետյան – 3.000.000 / գումարը դոլարով/ Հայկ Մաղաքելյան – 500.000 Ռուբեն Վարդանյան – 1.000.000 «Վալեքս գրուպ» – 1.000.000 Վիտալի Գրիգորյանց – 750.000 Վարդան Սերմակեշ – 500.000 Կամո Ավագումյան — 500.000 Գագիկ Զաքարյան – 500.000 Արամ Քոչարյան – 900.000 Անդրանիկ Բաղդասարյան – 500.000 / 2016թ-ին կատարել է Հիմնադրամի պատմության մեջ 2-րդ ամենախոշոր միանվագ նվիրատվությունը- 5մլն դոլար/ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան – 1.000.000 Սամվել Ալեքսանյան — 400.000 Վարուժան Գրիգորյան — 200.000 Բարսեղ Բեգլարյան – 200.000

Ծրագրին մասնակցել են նաև տասնյակ հազարավոր հայեր Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից, Իտալիայից և Լիբանանից:

*

*