Վարդենիսում մի խումբ քաղաքացիներ պահանջում են մարզպետի հրաժարականը

Քաղաքացիները փակել էին Վարդենիս-Երեւան մայրուղին:
vardenis

Վարդենիսում այսօր ցույց է տեղի ունեցել՝ մարզպետի հրաժարականի պահանջով։ Քաղաքացիները փակել էին Վարդենիս-Երեւան մայրուղին:

Ըստ ցուցարարների՝ պատճառը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ցուցաբերած խտրական վերաբերմունքն է: Վարդենիսում համայնքի ղեկավարի ընտրությունների քարոզարշավներ են ընթանում, բայց, քաղաքացիների խոսքով՝ մարզպետը, պաշտոնը չարաշահելով, աջակցում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ իր համակուրսեցի Արամ Մելքոնյանին:

Այսօրվա բողոքի ակցիան անցկացրել են քաղաքապետի թեկնածու Գեւորգ Սիմոնյանը եւ իր աջակիցները:

«Մարզպետը ուղղորդել է հիվանդանոցների բոլոր բուժաշխատողներին, որպեսզի չհավաքվեն եւ քարոզարշավի չմասնակցեն, իսկ 4-5 թեկնածու արդեն գնացել են էնտեղ՝ քարոզարշավի: Հատուկ ինքը հրահանգել է, որ Գեւորգ Սիմոնյան թեկնածուն ոչ մի հիմնարկ-ձեռնարկությունում հանկարծակի քարոզարշավ, ընդունելիություն չկատարի: Դրա համար ճանապարհը փակված է, ժողովուրդը պահանջում է մարզպետի հրաժարականը: Մինչեւ մարզպետը հրաժարական չտա, ճանապարհը չի բացվելու»,- նշել է քաղաքացիներից մեկը:

Մարզպետ Գնել Սանոսյանը հերքել է, թե իբր ինքն աջակցում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանին՝ նշելով, որ ինքը եւ իր քաղաքական թիմը չեն խառնվում քարոզարվաշի ընթացքին:

Սանոսյանի վստահեցմամբ՝ աղմուկը բոլորովին այլ երանգներ ու պատմություն ունի: Ըստ նրա՝ Գեւորգ Սիմոնյանի եղբայրը, ով Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենն էր, օրեր առաջ չի վերանշանակվել պաշտոնին: Սանոսյանը կարծում է, որ այս ամենն ավելի շատ դրա հետ է կապված:

*

*