Քահանան հորդորում է՝ Վարդավառին միմյանց վրա ջուր լցնել այնպես, որ գռեհկության չվերածվի

Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը՝ Վարդավառը, այս տարի կնշվի հուլիսի 3-ին։
vardavar

Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը՝ Վարդավառը, այս տարի կնշվի հուլիսի 3-ին: Այդ օրը Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ, որի ժամանակ հավատացյալներին կներկայացվի՝ որն է Պայծառակերպության խորհուրդը:

Արարատյան հայրապետական թեմն արդեն երկրորդ տարին է, որ Վարդավառին նախորդող շաբաթ օրը կազմակերպում է «Վարդավառի նախատոնակ» միջոցառումը: Այս տարի «Վարդավառի նախատոնակը» տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը՝ 18:00-ին: Այն կմեկնարկի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց։ Մասնակիցները երթով հասնելու են մինչև Մանկական այգի (Կիրովի անվան զբոսայգի):

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ցավով է նկատում, որ խորհրդային շրջանում ստվերվում էին ազգային տոները, և այժմ Հայ առաքելական եկեղեցին ձեռնամուխ է եղել այդ տոների վերականգմանը:

«Վարդավառի նախատոնակի» ծիսակատարության կարևոր մասն է լինելու նաև ավանակի վրա նստած տատիկը, որի հետ հավաքվածները, կատակելով ու ազգային նվագարանների ուղեկցությամբ,   կհասնեն մինչև զբոսայգի՝ փորձելով նրանից խլել հաջողության խորհրդանիշ խնձորը և վարունգը:

Տեր Պետրոս քահանա Մալյանը նաև կարևորում է այն հանգամանքը, որ ազգային նկարագիր ունեցող այս տոնը նշելիս՝ պետք է պահպանել միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթն այնպես, որ այն գռեհկության չվերածվի:

«Նախկինում մարդիկ պարզապես վարդաջրով ցողում էին միմյանց, իսկ այսօր 2-3 դույլ երբեմն նույնիսկ ոչ մաքուր ջուր են լցնում իրար վրա»:

*

*