2018 թ. Հայաստանում կկայանա 3 խոշոր միջոցառում․ քննարկում կառավարությունում

Վարչապետը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ամփոփել բոլոր 3 միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները․․․
karavarutyun

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել 2018 թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման վերաբերյալ: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները և նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն էլ, իր հերթին, զեկուցել է ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Վարչապետը, ընդգծելով 2018 թ. մեր երկրում անցկացվելիք այս երեք խոշոր միջոցառումների կարևորությունը, շեշտել է, որ դրանք պետք է կազմակերպվեն բարձր մակարդակով և հավուր պատշաճի:
Վարչապետը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ամփոփել բոլոր 3 միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները, հստակեցնել նախատեսվող միջոցառումները և ներկայացնել կոնկրետ ծրագրեր:

*

*