Կարեն Կարապետյանը դեմ է «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանում» վարորդներով տաքսիներին

«20 հազարով Երեւանյան լիճ են տանում ու ասում, թե Սեւան են տարել»:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը մրգերի արտահանման մասին էր։ Հանձնարարեց մաքսային կետերում մեկ պատուհանի մեխանիզմը հստակ կիրառել, վարչարարությունը պարզեցնել, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն այս պահին սեզոնային մրգերի արտահանման համար։ Մտահոգություն ունի, որ տնտեսվարողի համար մեկ պատուհանի սկզբունքը պատշաճ չի կիրառվում, ինչը արտահանողի համար խնդիրներ է առաջացնում։

Հաջորդ հանձնարականը թեթեւ արդյունաբերությանն էր վերաբերվում. պետք է լրացուցիչ արտոնություն տալ տեքստիլ, կոշկակարության եւ գորգագործության ոլորտներին, հատկապես մարզերում՝ հարկային արտոնություն տալ այդ ոլորտներում զբաղված ձեռներեցներին։

Վարչապետը նշեց նաեւ, որ պետք է «Զվարթնոցում» տաքսի ծառայությունների որակը բարձրացնել եւ առանց լիցենզիայի, «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանում» վարորդներով տաքսիներն արգելել։

«20 հազարով Երեւանյան լիճ են տանում ու ասում, թե Սեւան են տարել»,-ասաց վարչապետը։

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ի պատասխան նշեց, որ խնդիրը ամբողջովին լուծել չի հաջողվում արդեն երկար տարիներ, պետք է լիցենզավորման հարցը լուծել։ 

*

*