Վարչապետը հանձնարարեց ներկայացնել միասնական ուղևորացանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը

Կարեն Կարապետյանի հերթական հանձնարարականը վերաբերում էր ճանապարահաշինության ու միասնական ցանցի ստեղծմանը։
varchapet-karen-karapetyan
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական հանձնարարականը վերաբերում էր ճանապարահաշինության ու միասնական ցանցի ստեղծմանը։ Վարչապետը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում գնահատել միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը։

«Տալ համապատասխան ֆինանսական գնահատական, մշակել առաջնահերթությունների վերաբերյալ հինգ տարվա աշխատանքային ծրագիր ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ», — նշեց վարչապետը։

Բացի սրանից՝ Կարապետյանը հանձնարարեց գնահատել ճանապարհների շահագործման գործող պայմանագրի գործողությունը։ «Հինգից տասը տարի, եթե անհրաժեշտ լինի, նույնիսկ ավելի երկարացնել պայմանագիրը», — ասաց վարչապետը։

Մարզպետներն էլ տրանսպորտի նախարարությանը պետք է տրամադրեն համապարփակ տեղեկատվություն հանրապետությունում առկա բոլոր համայնքներից դեպի մարզկենտրոններ և հարակից խոշոր քաղաքաների ուղևորահոսքի վերաբերյալ՝ ըստ ժամային կտրվածքի։

Կարեն Կարապետյանը Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց մինչև 2017 թվականի հունիսի մեկը մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական ուղևորացանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը։

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*