«Եթե լավ կրթական համակարգ չունենանք, վաղը լավ երկիր չենք ունենալու»

Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն...
karapetyan

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել իրականացվող բարեփոխումների, օպտիմալացման ծրագրերի ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել կրթության ոլորտում առկա խնդիրներին առնչվող հարցեր:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է, որ վերջին ամիսների ընթացքում հանրապետութան դպրոցներում իրականացվել է ծանրաբեռնվածության ուսումնասիրություն և կառավարության աշխատակազմին ներկայացվել օպտիմալացման ծրագիր:

Հայաստանում առկա է 1385 դպրոց, նրանց հանձնված շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 4 մլն 674 հազար 850 քմ, ուսուցիչների թիվը՝ 36 հազար 807, իսկ աշակերտներինը՝ 357 հազար 52: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքային դպրոցները հիմնականում թերբեռնված են կամ գերբեռնված:

Նորմալ բեռնվածություն ունեցող դպրոցների թիվը կազմում է 16,3 տոկոս:

Պատասխանատուները նշել են, որ առաջիկայում խնդիր է դրվելու բացառել 300-ից պակաս աշակերտ ունեցող քաղաքային դպրոցների առկայությունը, միաժամանակ ավելացրել, որ ապագայում նախատեսվում է աշակերտների թիվը սահմանել 450:

Վարչապետը ողջունել է դպրոցական համակարգը թվայնացնելու աշխատանքը. և ուսումնասիրությունը, և գործողությունները շատ ավելի հեշտանում են:

«Բայց եթե համարում ենք, որ օպտիմալն աշակերտների 450 թիվն է, ինչո՞ւ ենք փուլ առ փուլ գնում դրան: Մենք ունենք հետևյալ խնդրի լուծման անհրաժեշտությունը. կրթության վրա ծախսում ենք միջոցներ, գիտենք, որ դրանք քիչ են, բայց այդ պարագայում ևս ունենք ոչ օպտիմալ ծախսեր՝ բաշխվածության, հաստատուն ծախսերի պատճառով և այլն: Այս առումով, պետք է ունենանք պետական ծրագիր, տեսլական և ըստ դրա գնանք առաջ: Անհրաժեշտ է իրականացնել օպտիմալացում և տնտեսված միջոցները որպես բոնուս ուղղել ուսուցիչների աշխատավարձերի, սահմանամերձ գոտիներում աշխատավարձի գործակիցների բարձրացմանը, տարբեր խնդիրների լուծմանը»,— նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել վերանայել հաշվարկներն ու ծրագիրը ներկայացնել կառավարություն:

Ծրագրվում է 2018 թվականից ստեղծել նաև ֆիզմաթ ուղղվածություն ունեցող դպրոցների ցանց, որտեղ կապահովվի չորս հիմնական առարկայի խորացված ուսուցում: Ցանցում ընդգրկված դպրոցներում կներդրվեն ժամանակակից լաբորատորիաներ, կիրականացվեն ինժեներական ծրագրեր:

Քննարկվել են նաև ավարտական միասնական քննությունների բարեփոխումներին, ուսուցիչների որակի բարձրացմանը, դպրոցական սնունդ ծրագրերին վերաբերող հարցեր:

Անդրադառնալով նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել լավագույն փորձերը և ներկայացնել ժամանակակից մոդելի ներդրման առաջարկություններ:

«Ես համոզված եմ, եթե մենք լավ կրթական համակարգ չունենանք, վաղը լավ երկիր չենք ունենալու: Սա փաստ է: Այս առումով չափազանց անհանգիստ եմ, որ ճիշտ ուղղությամբ գնանք»,-նշել է վարչապետը:

*

*