Համապետական շաբաթօրյակ՝ հոկտեմբերի 21-ին

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին վարչապետը հանձնարարեց...

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանը։ Կարապետյանն ասաց, որ արդեն գործարկվել է համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոն։

«Մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացող համայնքներում բազմաֆունկցիանալ համայնքային սպասարկման կենտրոններ ձևավորելու ուղղությամբ», — ասաց վարչապետը, ապա նշեց, որ կարևորում է համայնքային ծառայությունները մեկ պատուհանով սպասարկելը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և պետական գույքի կառավարման վարչության պետին վարչապետը հանձնարարեց տասնօրյա ժամկետում մշակել և կառավարություն ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոնների՝ նույն հարթակում կազմակերպելու նպատակով առաջարկներ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին վարչապետը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ և ամսական պարբերականությամբ դրանց մասին տեղեկատվություն ներկայացնել կառավարություն:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացված շաբաթօրյակների արդյունքում, ըստ վարչապետի, 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ 2029 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել է 1574-ը։ Ըստ Կարապետյանի, չնայած արձանագրված արդյունքներին՝ առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված շարունակական միջոցառումների և լրացուցիչ արդյունքների։ Վարչապետը հանձնարարեց ավելի հետևողական լինել ծրագրի իրականացման հարցում։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին վարչապետը հանձնարարեց ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպումը։

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*