ԱՄՆ-ն ակտիվ աշխատում է հայաստանյան գործընկերների հետ` համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ. Բրիջիթ Բրինք

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների․․․
handipum

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել այսօր կառավարությունում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների հետ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ կազմակերպված շնորհանդես-քննարկումը: Վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է բոլոր ոլորտներում սկսված բարեփոխումները՝ հստակ պատկերացնելով երկրի տնտեսական զարգացման և առաջընթացի տեսլականը:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ նշելով, որ այսօր գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ շատ դրական արձագանքներ է լսել հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում կատարվող փոփոխությունների և առաջընթացի վերաբերյալ: Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակտիվ աշխատում է հայաստանյան գործընկերների հետ՝ համագործակցության օրակարգն ընդլայնելու և տնտեսական կապերն առավել խորացնելու շուրջ:

Վարչապետն առաջարկել է դիտարկել մի շարք ոլորտներում (ՏՏ, գյուղատնտեսություն և այլն) բիզնես ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ գոհունակություն հայտնելով էներգետիկայի, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառներում ընթացիկ գործակցությունից:

Երկուստեք կարևորվել է այս տարվա մարտին Վաշինգտոնում Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի անցկացումը: Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ «հանդիպումից ակնկալում ենք հստակ գաղափարներ մեր տնտեսական գործընկերությունն առաջ մղելու ուղիների վերաբերյալ»:

*

*