Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր (լուսանկարներ)

Շրջայցի ընթացքում որոշում է կայացվել խաղողի գնման սակագինը հայտարարելու ժամկետը վերանայելու վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր:

Վարչապետը նախ այցելել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ` ծանոթացել խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը: Կառավարության ղեկավարը հետևել է խաղողի ընդունման փուլերին՝ կշռման, որակի վերահսկման, շաքարայնության ստուգման և վերամշակման: Վարչապետը եղել է նաև ընդլայնված և արդիականացված թորման արտադրամասում, որը համալրվել է 10 զույգ շարանտական տիպի թորման սարքերով՝ յուրաքանչյուրն օրական 100000 լ գինենյութ թորելու հզորությամբ: Գործարանի ղեկավարությունը վարչապետ Փաշինյանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում գնվել է 5153 տ խաղող, իսկ 3 մասնաճյուղերում միասին վերցրած` ավելի քան 8194 տ:

Շրջայցի ընթացքում որոշում է կայացվել խաղողի գնման սակագինը հայտարարելու ժամկետը վերանայելու վերաբերյալ, այն է՝ հաջորդ տարի Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը կհայտարարի ապրիլից ոչ ուշ, և 2019թ. գինը կլինի առնվազն այնքանով բարձր, որ կծածկի երկրում գնաճի մակարդակը: Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հարցի առնչությամբ, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է անընդհատ գյուղացուն շահույթ ստանալու ճանապարհներ ցույց տանք, որպեսզի այդ բեռն անընդհատ չմնա գործարարների ուսերին: Պետք է փորձենք այնպես անել, որ գյուղացին ոչ թե շահագրգռված լինի ամբողջ բերքը մթերման տալ, այլ ավելի շահավետ ճանապարհով գնալ՝ վերամշակել և այլն»:

Արմավիրի մարզից վարչապետն ուղևորվել է Արագածոտնի մարզ, որտեղ այցելել է «Գոլդեն Գրեյփ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել այգիներով՝ ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին և հակակարկտային պաշտպանության համակարգին, ապա եղել գործարանի արտադրամասում, որտեղ ընկերության ղեկավարությունը վարչապետին ներկայացրել է գործարանի արտադրական հզորությունները, մթերման և վերամշակման աշխատանքները, զարգացման ծրագրերը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*