Վարչապետը հանձնարարել է «Սևան ազգային պարկի» զարգացնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել

Քննարկվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր:
varchapet-qnnarkum

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ բնապահպանության  նախարար Արծվիկ Մինասյանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը զեկուցել են «Սևան ազգային պարկի» գործունեության վերաբերյալ, ներկայացրել կառավարման, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական և հողօգտագործման տեսանկյունից գույքագրված խնդիրները:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է «Սևան ազգային պարկի» գործունեության արդյունավետության բարձրացումը և հանձնարարել առաջարկություններ ներկայացնել այն զարգացնելու, շահույթ հետապնդող կառույցի վերածելու վերաբերյալ: «Բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է  կիրառել պետական մեխանիզմը: Բոլոր ավելորդ բաներից մաքրում, վերջացնում եք և կոնպցեպցիա եք մշակում՝ ինչպես ենք այդ տարածքն աշխուժացնում ու  փող աշխատում», — ասել է կառավարության ղեկավարը:

*

*