ԱԱԾ տնօրենն Իջևանում իրավիճակի հանգուցալուծման երկու տարբերակ է առաջարկել

«Առաջարկություն եղավ համայնքների ղեկավարների կողմից, որպեսզի պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման գործընթացը»
artur-vanecyan

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է Տավուշի մարզում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքների մասին. խորհրդակցությունը նվիրված էր հուլիսի 17-ին Իջևանում տեղի ունեցած իրադարձություներին:  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են նաև Տավուշի մարզի գրեթե բոլոր համայքնների ղեկավարները:

«Ունեցանք շատ անկաշկանդ և բովանդակային զրույց, որպեսզի հասկանանք խնդիրները և կարողանանք լուծել դրանք: Այն ուղերձը և հորդորը, որ կցանկանամ հնչեցնել մեր Տավուշի մարզի բնակչությանը, հետևայլն է` Տավուշը բացառիկ մարզ է իր անտառներով, և դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես վառելանյութ: Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, և այդ ուղղությամբ կառավարությունը նախաձեռնել է անտառային զբոսաշրջություն, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանը անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ և զբոսաշրջային տարածքներ»,- ասաց Վանեցյանը:

Խնդրի լուծման երկրորդ տարբերակը, ըստ ԱԱԾ տնօրենի, այն է, որ քաղաքացիները հնարավորություն ունենան օգտագործել թափուկ փայտը իրենց տները ջեռուցելու համար:

«Առաջարկություն եղավ համայնքների ղեկավարների կողմից, որպեսզի պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման գործընթացը` անտառ չմտնեն քաղաքացիները, այլ պետությունը համապատասխան ծառայությունների միջոցով հավաքի թափուկ փայտը, հանի անտառից դուրս և համայնքի ղեկավարների միջոցով բաժանի մեր քաղաքացիներին»,- եզրափակեց Վանեցյանը:

*

*