Լոռու մարզպետը Քիմպրոմի աշխատավարձերի շուրջ կառավարությանն առաջարկ է ներկայացրել

Հունվարի 12-ի վաղ առավոտից «Վանաձոր-Քիմպրոմի» նախկին աշխատակիցները դարձյալ մարզպետարանի բակում էին:
artur-nalbandyan

 

Հունվարի 12-ի վաղ առավոտից «Վանաձոր-Քիմպրոմի» նախկին աշխատակիցները դարձյալ մարզպետարանի բակում էին: Աշխատակիցների պահանջը նույնն էր՝ վճարել գրեթե 140 մլն դրամ կազմող աշխատավարձի պարտքը:

Հունվարի 9-ին անցկացված ցույցի ավարտին նրանք խոստացել էին, որ երկու օր անց հուզող խնդրի հետ կապված որեւէ դրական տեղաշարժ չլինելու դեպքում, դիմելու են ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ մինչեւ քաղաքի գլխավոր պողոտայի փակում:

Այսօր հավաքված «քիմպրոմցիներին» Լոռու մարզպետը հորդորել է առայժմ չդիմել կտրուկ քայլերի: Արթուր Նալբանդյանը նշել է, որ «քիմպրոմցիների» աշխատավարձի խնդիրը քննարկվել է նաեւ կառավարությունում եւ, թեեւ որեւէ հստակ որոշում դեռեւս չկա, սակայն ուղիներ են փնտրվում աշխատակիցների պահանջը բավարարելու համար:

Լոռու մարզպետն առաջարկում է Քիմպրոմի պարտատերերի ցուցակում առաջնահերթությունը տալ աշխատակիցների աշխատավարձի վճարմանը: Մարզպետի առաջարկը կընդունվի, թե՝ ոչ, պարզ կլինի առաջիկայում:

«Հիմա ճնշում ունեմ , փող չկա, որ գոնե դեղ առնեմ»,- բողոքում է աշխատակիցներից մեկը:

«Քննակել են, ինձ առաջարկել են լուծում առաջարկել: Քանի որ դատական ընթացքի մեջ է խնդիրը, այնդեղ առաջնահերթություններ են սահմանվել Ա կետից մինչեւ Գ կետ, որտեղ աշխատավարձը Գ կետի տակ է:Ես առաջարկում եմ, որ աշխատավարձի հարցը տեղափոխեն Ա կետի տակ, օտարված գույքից լուծեն այդ խնդիրը, հետո նոր մնացած խնդիրներին անցնեն»,- ասում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

 

*

*