Վանաձորում կիրականացվեն ճանապարհների վերանորոգման աշխատանքներ

Ներկայումս անմխիթար վիճակում են քաղաքի երթևեկության համար կարևոր բազմաթիվ փողոցներ։
vanadzor-qaghaqapetaran

Հայաստանի կառավարությունը Լոռու մարզի Վանաձոր համայնքի կարևորագույն հանգույցների և փողոցների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով հունիսի 23-ի նիստում պահուստային ֆոնդից հատկացրեց 9 մլն դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Վանաձորի ճանապարհային ցանցի ինչպես գլխավոր, այնպես էլ ներթաղամասային փողոցները գտնվում են անմխիթար վիճակում:

Ներկայումս անմխիթար վիճակում են քաղաքի երթևեկության համար կարևոր բազմաթիվ փողոցներ, մասնավորապես` Վարդանանց, Զ.Անդրանիկ, Հալաբյան, Աղայան, Ուսանողական, Շինարարների, Մյասնիկյան, Նժդեհի, Շիրակացի, Թումանյան, Ներսիսյան, Զորյան, Տավրոսի 6-րդ, Դեմիրճյան փողոցները:

Վանաձորի բյուջեով նախատեսված է կատարել 100 մլն դրամի փոսային նորոգման աշխատանքներ, ինչն անբավարար է քաղաքում նորմալ ճանապարհային ցանց ունենալու համար: Քաղաքի ընդհանուր ճանապարհային ցանցը կազմում է 119 կմ, որի 15-25 տոկոսը, իսկ որոշ հատվածներում մինչև 40 տոկոսը, գտնվում է քայքայված վիճակում:

Նախնական հաշվարկներով ճանապարհային ծածկի նորոգման ենթակա է 220000քմ, իսկ Վանաձոր քաղաքի 2017թ. բյուջեով նախատեսված միջոցները կբավարարեն մոտ 15000քմ մակերեսի նորոգման համար: Վերոնշյալ փողոցների վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է տրամադրել 9 մլն դրամ, իսկ շինարարական աշխատանքների իրականացման համար հետագայում կպահանջվի շուրջ 290 մլն դրամ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները