ՄԱԿ-ի կողմից հռչակված Երիտասարդության միջազգային օրը այս տարի նշվում է «Փոխակերպելով կրթությունը» խորագրով, օրվա խորհուրդն է՝ երիտասարդությանն առնչվող հարցերի բարձրաձայնումը: «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքում փորձագիտական գնահատականներով և SMS քվեարկությամբ 2019 թվականին երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Վանաձորը: Երիտասարդական մայրաքաղաքն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:
Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: Կրթության փոխակերպման, ապագայի մասնագիտությունների մասին իրենց պատկերացումները երիտասարդների հետ կիսել են նաև Ազգային ժողովի ու կառավարության ներկայացուցիչներն ու պատասխանել նրանց հարցերին:
Օրվա խորհրդին համահունչ` Վանաձորում տեղի են ունեցել այլ միջոցառումներ՝ «Սպորտային քվեստ», «Հնարավորությունների տոնավաճառ և վարպետաց դասեր», «Առաջին օգնության ցուցադրական դասեր», «Էկո Վազք», քաղաքային տուր Վանաձորի տեսարժան և նշանակալից վայրերով, պարային ֆլեշմոբ:
Տոնակատարությունները կեզրափակվեն բացօթյա համերգով, կանցկացվի Լոռու մարզում հայտարարված «Awesome» մրցանակաբաշխությունը, Վանաձորին կհանձնվի երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին: