Վանաձորում հաստաբուն եղեւնիներ են հատվել

Երեկ հատվել են նաեւ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն թանգարանի բակի եղեւնիները:
vanadzor-eghevni

Վանաձորում հաստաբուն եղեւնիների հերթական խմբաքանակն է «գլխատվել»: Բնակիչներն ահազանգել են քաղաքի կենտրոնում՝ Ազատամարտիկների պուրակում 40-50 տարեկան եղեւնիների հատումների մասին: Վանաձորցիները զանգահարել են 911 ծառայություն ու փորձել դադարեցնել հատումները: Նրանց, սակայն, վստահեցրել են, որ հաստաբուն եղեւնիների հատման թույլտվությունը ստացվել է Վանաձորի քաղաքապետարանից:

Ավելի ուշ թույլտվության փաստը հաստատել են նաեւ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնում՝ այն հիմնավորելով տարածքի սեփականատիրոջ դիմումով:

«Քաղաքացու սեփականությունն է, դիմել է մեզ, քանի որ իր սեփական տարածքում շինարարության պատճառով խանգարում են: Թեքված հին ծառեր են, քամիների պատճառով վտանգ են ներկայացնում: Դիմել է, որպեսզի հատեն, տեղը տնկեն նոր տեսակի ծառեր: Թույտվություն ունի: Վահե Կարապետյանի սեփականությունն է ե′ւ շինությունը, ե′ւ այդ տարածքը»,- նշում է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը:

Ի դեպ երեկ հատվել են նաեւ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն թանգարանի բակի եղեւնիները: Իսկ պատճառաբանությունը եղել է այն, որ ծառերի արմատներից բակի քարերը բարձրացել էին, բացի այդ մտավախություն է եղել, որ ուժեղ քամիների պատճառով այդ բարձր ծառերը կարող են վնասել թանգարանի շենքը:

*

*