Պատանի «3 փրկարարների» խիզախությունը՝ Վանաձորում

Տիգրան Մարկոսյանը, Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը Տանձուտ գետն ընկած մեքենայի վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել:

Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը և Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտ Տիգրան Մարկոսյանը Տանձուտ գետն ընկած մեքենայի վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել:

Վթարը տեղի է ունեցել մարտի 3-ին: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում: Աշակերտները, այդ պահին գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելը, ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:
Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ վթարից հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները վարորդին և ուղևոր Ա. Թ.-ին (ծնված 1982 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

*

*