Վահեն զոհվեց՝ բաց տարածքում տանկով կռիվ տալով

13 տարեկան էր, երբ որոշեց Մոսկվայի հանգիստ կյանքը թողնել ու Հայաստան վերադառնալ:

Հրազդանի զինվորական պանթեոնում ամեն շաբաթ օրն օդը խնկաբույր է, շիրմաքարերից մի քանիսին՝ թարմ ծաղիկներ: Պանթեոնը շատերի համար է սրբավայր, 2016-ի ապրիլից հետո նաեւ Հրազդանցի Զաքարյանների համար: Նրանց միակ որդին Վահեն այդ օրերին հերոսացած տղաներից է:

Աշխատանքը ծնողներին դեռ տարիներ առաջ էր ստիպել թողնել Հրազդանը ու տեղափոխվել Ռուսաստան: Վահեն երկու քույրերի հետ որոշել էր մնալ:  13-ամյա Վահեն օտար միջավայրին միայն 7 ամիս էր կարողացել դիմանալ, վերադառնալու որոշման հետ ծնողներն այնքան էլ համաձայն չեն եղել, բայց Վահեին հետ պահել չէր ստացվել:

9-ը տարեկանից Վահեն սպորտով էր զբաղվում, հաջողությունների պակաս չուներ: Դպրոցն ավարտելուց հետո, որոշել էր հենց այս ուղղությամբ էլ կրթությունը շարունակել:

«Ընդունվել էլ ֆիզկուլտուրային ինստիտուտ ու ինքը հոկտեմբերի 14-ին տեսավ այդ թուղթը, ամսի 16-ին գնաց բանակ»,- պատմում է մայրը:

Ծնողներն ասում են ծառայությունը հետաձգելու հնարավորություն ուներ, առանց երկար մտածելու հրաժարվել էր: «Պիտի մրցումների գնար հրաժարվեց»:

Ծառայությունից տանկիստ Վահեն գոհ էր: Այն ,որ իրավիճակը սահմանին լարված է, ծնողները հեռուստացույցով էին լսել, Մոսկվայից շտապել էին Հայասատան, Վահեն մինչ այդ հանգսատացրել էր ինքն ուսումնավարժանքի է մասնակցում:

«Ապրիլի 4-ին եկանք ու ճանապարհին իմացանք այդ դեպքն է եղել»:

Հետո պիտի իմանային, որ ներկայացրած ուսումնասվարժանքը իրականում հատուկ գործողությունն է եղել, ու իր մյուս ընկերների հետ Վահեն 7 րոպե բաց տարածքում հակառակորդի հետ տանկով կռիվ է տվել: Վահեի հայրն ասում է՝ շատ զինվորականներ վստահեցրել են, թեեւ տղաների տանկը հակառակորդը կարողացել է խոցել , բայց իրենց արածը հերոսություն է:

Զաքարյանների տանն ամենուր որդու պարգեւներն են: Միշտ սպորտային հաղթանակներով է տուն վերադարձել , ծառայության ընթացքում էլ աչքի ընկել որպես լավ տանկիստ: Ծառայությունը ժամանակից շուտ է ավարտել, բայց պարգեւներ դեռ շարունակում է ստանալ:

Վահեի զոհվելուց հետո բակում, որտեղ մի ժամանակ մանկական խաղեր է խաղացել, դպրոցում որտեղ սովորել է ՝ ամեն տեղ Վահեն իր ներկայությունն ունի: Ծնողներն ասում են 13 տարեկան էր, երբ որոշեց Մոսկվայի հանգիստ կյանքը թողնել ու Հայաստան վերադառնալ: Այն, որ մայրն ու հայրն իր օրինակին չէին հետեւել, երիտասարդի սրտով չի եղել, ծառայության ընթացքում չէր ստացվել, բայց նախորդ տարվա ապրիլին Վահեն հերոսանալով մեկընդմիշտ ծնողներին ստիպել է Հայրենիք վերադառնալ:

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*