Արի խոստովանենք, որ մեզ խաբել են. Վահան Իշխանյան

...մենք ի՞նչ իմանայինք որ մի իշխանամոլին փոխարինելու է մի ուրիշ իշխանամոլ
ert-nikol-yerevan-24112018 (1)

Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արի խոստովանենք որ, ցավոք, ապրիլ֊մայիսին եղածը հեղափոխություն չէր, որ եղել է հեղափոխության պատրանք իշխանությունը զավթելու համար, և բոլորս ենք այդ պատրանքին խաբվել, այո, ուզել ենք խաբվել, կարող ենք բացատրել թե ինչու ենք խաբվել, որ նախորդ իշխանությունը անտանելի էր դարձել, բա ինչ անեինք, որ մեկ անձը որոշել էր հավերժ իշխանության մնար, ինչքա՞ն էր մնալու, էլի 10 տարի՞, թե՞ 20 տարի, և հանուն ինչի՞, որ փխրուն անվտանգություն ունեցող երկրը մինչև վերջ դատարկվի՞։

Այո, ամեն ինչ ճիշտ է, բայց խոստովանենք, որ մեզ խաբել են, ոչ միայն, մենք ենք մեզ խաբել՝ առանց քննելու ու վերլուծելու ընդդիմադիր տրիբունի գաղափարները, մոռացության մատնելով նրա նախկին գործունեությունը, կամ էլ, եթե հիշեցրել են, ասել ենք՝ տեսեք, նա փոխվել է, այլևս այն ագրեսիվ այլատյացը չի, սեր ու համերաշխություն է քարոզում, և մեր զգացմունքը մտքից ուժեղ է եղել, հաղթել է մտքին, հրճվել ենք նրա կոչերով ու հասարակ մարդու հանդերձավորմամբ՝ ուսապարկով ու շապիկով։

Կարող ենք արդարանալ՝ թե գիտեք, մենք հեղափոխությանը մասնակցեցինք ոչ թե Նիկոլի համար, այլ որ փոփոխության ճամփա բացվի, որ Հայաստանի ընթացքին խոչընդոտող քարը մի կողմ դրվի և հասարակությունը բացվի, լայն շերտեր հնարավորություն ունենան իշխանությանը մասնակցել, մենք ի՞նչ իմանայինք որ մի իշխանամոլին փոխարինելու է մի ուրիշ իշխանամոլ, որոնց մեջ ոչ մի գաղափարախոսական տարբերություն չկա, որոնց համար իզմերի դարաշրջանը վաղուց ավարտվել է, բայց կառչած են մի իզմից՝  էգոիզմից, ընդ որում, նոր վարչապետը շատ ավելի՝ քանի որ եսասիրության և հայրենասիրության երկընտրանքի մեջ միշտ ընտրում է եսասիրությունը…

…Հասարակութունը նոր գաղափարներ առաջադրելու մեջ այնքան անկարող գտնվեց, որ գաղափարախոսական դատարկության մեջ զնգզնգացին նրանք, ովքեր իր աչքի առաջ իշխանությունը զավթել ու երկիրը թալանել էին և հազարավոր մարդկանց դժբախտության պատճառ դարձել։ Երկիրը մի կերպ ազատվել էր նրանցից և սկսել էր երերուն քայլերով քիչ թե շատ ոտքի կանգնել, բայց 2008֊ին այդ հորդան, նրանք ովքեր իրենցից խելոք հաստոցները մետաղի ջարդոն սարքում֊ծախում էին, Գիտության առաջատար տերությունից ժառանգություն ստացած գործարաններին վերաբերվում էին այնպես, ինչպես օրանգուտանները կոկոսի ծառուղուն, և ահա, նրանք ամբոխ հավաքելով՝ լցվեցին հրապարակներ և արյուն հոսեցնելով ու 10 հոգու զոհաբերելով՝ քիչ մնաց կրկին իշխանությունը զավթեն։

Մանկամիտ հասարակություն, որ իշխանության էր բերելու նրան, ով իրեն դժբախտացրել էր, ինչպես մանուկն է պատրաստ գնալ էն իրեն մի անգամ բռնաբարած պեդոֆիլի հետևից, ով կրկին կոնֆետ էր ցույց տվել։ Բայց այն, որ հասարկության ստվար մասը անհանգստացել էր, ու չէր կարող հանդուրժել այդ հորդայի վերադարձը, դեռ հույս էր ներշնչում, որ ամբողջ հասարկությունը ինֆանտիլ չի։ Մոլորություն, պարզվեց որ՝ ոչ, այնքան մանկամիտ է, որ իրեն շռայլություն թույլ տվեց՝ առանց ծրագիր, առանց նոր գաղափարների, միայն երկրի ղեկավարին փոխելու մի քայլանոց գործողության պլանով, 2008֊ին ատելություն սփռող տրիբունը դիմակավորված՝ համերաշխության ու սիրո դիմակով ամբողջ ժողովրդին ոտքի հանի ու իշխանությունը զավթի։

Բոլոր նշանները կան, որ այս մանկամտությունը թանկ է նստելու երկրի վրա, սպառնալիքները՝ հատկապես արտաքին սպառնալիքները, գնալով վտանգավոր են դառնում։ Հույսն այն է, որ մի քիչ ճիշտ դուրս գա էն խոսքը, թե ժողովուրդը իմաստուն է, և ժողովրդի ներսում արթնանա ինքնապահպանման գիտակցությունը և թույլ չտա, որ կորուստները մեծ լինեն»։

Ամբողջությամբ՝ այստեղ։ 

*

*